Սպանդանոցների գործունեությունը նվազեցնում է անասնաբույծների եկամուտը
Հայաստանում գործող սպանդանոցները անասնաբույծներին պարտադրում են իրենց գները, որոնք գրեթե չեն գերազանցում անասունի ինքնարժեքը: Նման կարծիք «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի «Կանչ» համայնքի ֆերմերների միության նախագահ Հարություն Մխիթարյանը: Ըստ նրա, սպանդանոցի առաջարկած գինը օրինակ մեկ ոչխարի համար չի գերազանցում 30 հազար դրամը, քանի որ անասունների փորոտիքի համար գումար չի վճարվում։ Մինչդեռ մի քանի տարի առաջ 1 ոչխարի ուղիղ վաճառքի համար հիմնական գնորդ հանդիսացող իրանցիները առաջարկում էին 70 հազար դրամ: «Ես ունեմ 300 գլխաքանակ ոչխար, սակայն, եթե ապրեի այլ երկրում, որտեղ նման խոչընդոտներ չկան, կունենայի 3000» ,- պնդում է ֆերմերը: Նրա կարծիքով, եթե սպանդանոցների քանակը ավելանա, նրանք կմտնեն մրցակցային դաշտ, և ոլորտի անօրինականությունները հետզհետե կվերանան: Նշենք, որ փետրվարի 28-ին կայացած «Ֆերմերների կոնգրես» միջոցառմանը ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում նախատեսվում է նոր սպանդանոցների կառուցում: «Ունենք հստակ հաշվարկ, թե որ մարզում կարիք կա սպանդանոց կառուցելու` կախված այդ մարզի անասունների գլխաքանակից և անասնաբուծության ծավալներից: Եթե ներդրողներ լինեն, մենք անհրաժեշտ խորհրդատվությունը կտրամադրենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կստեղծվեն նաև հարմար պայմաններ սպանդանոցներից հեռու գտնվող համայնքներից անասուններին տեղափոխելու համար: