Բողոքի ցույցեր Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի
Փետրվարի 24‐ին եւ 26‐ին Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ամերիկահայերը ցույցեր են կազմակերպել՝ վերջին օրերին արցախա‐ադրբեջանական շփման գծում Բաքվի հրահրած լարվածության դեմ բողոքով, որը 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւի նախաձեռնած ամենամեծ հարձակումն է Արցախի դեմ. հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (Արեւելյան տարածաշրջան):
«Նախագահ Ալիևի նախաձեռնած վերջին հարձակումները Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի և 25 տարիների ընթացքում սրացող հրադադարի ռեժիմի խախտումների շարունակությունն են, որոնք իրենց գագաթնակետին հասան 2016 թվականի ապրիլյան գազանությունների ժամանակ, որը վերջին տասնամյակներում տեսած ամենադաժան բռնության օրինակն է»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի վարչության անդամ Ա. Մարդոյանը. «Սա այն գինն է, որ բազմաթիվ անմեղ կյանքեր վճարում են, քանի դեռ Ամերիկան և միջազգային հանրությունը հստակ և միաձայն չեն դատապարտում նախագահ Ալիևի ագրեսիան և հստակ միջոցներ չեն կիրառում այդ ագրեսիային վերջ դնելու համար»:
Վաշինգտոնում ամերիկահայերի բողոքի ցույցի ժամանակ փոխնախագահ Մայք Փենսի ավտմեքենաների շարասյունը անցել է ցուցարարների առջևով:
Ադրբեջանցի ցուցարարների փոքր խմբեր երկու քաղաքներում էլ հակացույցեր էին կազմակերպել, որոնց ընթացքում ծածանում էին Գորշ Գայլերի՝ թուրքական ահաբեկչական կազմակերպության դրոշը:
Վերջին բռնությունները լրացուցիչ մտահոգություններ են առաջացնում այն հրապարակումների շուրջ, ըստ որոնց Ադրբեջանը մոտ ապագայում պետք է ձեռք բերի իսրայելական արտադրության հրթիռային համակարգ, որը ներառում է զգայուն ամերիկյան տեխնոլոգիա: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կոչ է արել ԱՄՆ պետքարտուղարությանը՝ օգտագործել իր իրավունքը՝ կանխելու այդ վաճառքը, որը հետագայում միայն կքաջալերի Ալիևին՝ մեծացնելու լարվածությունը:
