Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոռուպցիայի սկզբնաղբյուրը մաքսային անցակետերն են» (տեսանյութ)

Քաղաքականություն
seyran-1

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի առաջին համաժողովին այսօր «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհանիսյանը համաժողովի անդամներին դիմեց տեսաուղերձով, որի ժամանակ նա մասնավորապես ասաց. «Այսօր մեծն զորավար Անդրանիկի ծննդյան օրն է, եւ նրա ուժով ենք մենք այսօր հավաքվել: Առաջիկա շաբաթների ընթացքում  հայ ժողովրդին փաստելու ենք, որ միասնության մեջ է հաղթանակը»: Իսկ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին համաժողովի անդամները դիմավորեցին հոտնկայս: Նա իր ելույթում հայտարարեց, որ մենք այսօր սխալվելու իրավունք չունենք, քանի որ ՀՀ եւ Արցախի անվտանգությունն է. «Բոլոր նախընտրական քննարկումները տանել հենց անվտանգության տեսանկյունից, չընկնել պոպուլիզմի ու անհմիմն խոստումների թակարդը»: Նա նաեւ հայտարարեց, որ պատասխանելու է բոլոր հարցերին ու ներկայացնելու է իրենց դաշինքի հիմնական ուղղվածությունները. «Ինչո՞ւ ես մտա քաղաքականություն՝ լինելով անկուսակցական եւ զինվորական, պատասխանը հստակ է՝ իմ որոշման հիմքում այն համոզմունքն է, որ գործող համակարգով ՀՀ բոլոր հնարավորությունները սպառվել են: Սա շրջադարձային պահ է մեզ համար: Ես երբեք պաշտոնակռիվ չեմ արել, չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են տարբեր բարձր պաշտոններ, որոնցից հրաժարվել եմ: Իմ կյանքի ամենաբարձր պաշտոնը դեռեւս 25 տարի առաջ խրամատում առաջին գիծ մարտնչելն էր՝ զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին, հետագայում եւս երբեք չեմ հանել իմ զինվորական համազգեստը: Քաղաքականությամբ մեջ խոստանում եմ՝ սպային վայել արժանապատիվ ու հավասարակշիռ կեցվածքով շարունակել ծառայել ՀՀ-ին ու Արցախին: Իմ ու գործող իշխանությունների հարաբերությունների մասին կարող եմ ասել, որ որեւէ մեկի հետ ես անձնական խնդիր չունեմ: Սակայն այսօր ես ինձ այլեւս չեմ տեսնում գործող իշխանական համակարգում, քանի որ ապագա մարտահրավերներին դիմակայելու մեր մոտեցումները տարբեր են, մեզ անհրաժեշտ է նոր քաղաքական վերնախավ, նոր մթնոլորտ ժողովրդի մեջ»: Նա իր ելույթում հիմնական շեշտադրումն արեց բանակի, առկա խնդիրների ու հետագա իր տեսլականի վրա. «Մարդակենտրոն աշխատանքն ու կոռուպցիայի դեմ պայքարը դրվել են պլանային հիմքերի վրա: Առաջին երեք տարում ավելացնենք պայմանագրային ծառայողների թիվը ու նրանց աշխատավարձը դարձնել 240 հազար դրամ: Սրանով նաեւ կավելացնենք զինվորական ծառայության գրավչությունը»: Նա քաղաքական բոլոր ուժերի ղեկավարներին հրապարակային կոչ արեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի իրենց տեսլականը ներկայացնելու համար. «Պետք է պահպանել ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ բալանսը, խթանել, այսպես կոչված, ժողովրդական դիվանագիտությունը՝ փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ դա խաթարում է  բանակցային գործընթացը: Խնդրի կարգավորման ժամանակ չպետք է լինեն հաղթողներ կամ պարտվողներ, կամ միակողմանի զիջումներ, դրա արդյունքում մենք ժողովուրդների միջեւ երկարատեւ խաղաղություն չենք կարողանալու հաստատել»: Ստվերային տնտեսության, կոռուպցիայի սկզբնաղբյուրը, ըստ Սեյրան Օհանյանի, սահմանային մաքսային անցակետերն են. «Այդտեղից է սկիզբ առնում ՀՀ մենաշնորհային համակարգը ու այդտեղից պետք է սկսել տնտեսական փոփոխությունները: Այսօր ընդամենը 1000 ընկերություն է ապահովում մեր տնտեսության բյուջետային մուտքերը, ու մի քանի տասնյակ ընտանիքների վրա է ընկած բյուջեի մուտքերի 50 տոկոսը: Սա շահավետ չէ մեր ժողովրդի 95 տոկոսի, ինչպես նաեւ՝ հասարակության համար: Այս պայմաններում նաեւ գործարարները խոցելի են իշխանությունների կողմից: Օլիգարխները պետք է վերածվեն խոշոր գործարարների: Մեր դաշինքով նախատեսում ենք 5 տարվա արձակուրդ տալ ՓՄՁ-երին ու չեղյալ համարել անցած տարի ընդունված Հարկային օրենսգիրքը: Ես ասում եմ՝ հերիք է հանդուրժենք անարդարությունը՝ մեզ օդի պես ազատություն, ջրի պես մաքրություն եւ հացի պես արդարություն է պետք: Առաջարկում եմ այս «Հերիք է» կարգախոսով է քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ մեր քաղաքացիների մեջ արթնացնենք արժանապատվությունը»: