«Ապրիլի 24-ին Թուրքիայից ենք մեխակը բերում, որ տանենք Ծիծեռնակաբերդ» (տեսանյութ)
Հայաստանում ծաղկի մշակումը կարող է ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը լինել։ Սակայն ոլորտն առայժմ չի կայանում, պատճառները մի քանիսն են։ Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշում է դրանք. «Մեր ֆերմերները տնկանյութը բազմացնում են երկրորդ, երրորդ սերունդ, եւ որակը ընկնում է, ինչի համար են տենց անում, որովհետեւ թանկ է տնկանյութը, իր արժեքը արդեն թանկ է, դրան գումարած ճանապարհածախս, դեռ մի բան էլ գալիս են էստեղ ու 30 տոկոս հարկ են մուծում՝ 20 տոկոս ԱԱՀ ,10 տոկոս մաքսատուրք»։ Գեղանիստում արդեն 10 տարի գործող ջերմոցում մասնագիտացել են գերբերայի աճեցմամբ։ 2000քմ- հողատարածքից տարեկան շուրջ 300 հազար հատ ծաղիկ են հավաքում։ Գերբերայի գինն ամենաբարձրներից է համարվում։ Կախված սեզոնից տատանվում է 40-130 դրամի սահմաններում։ Հնարավորության դեպքում նաեւ արտահանում են Ռուսաստան, բայց եկամուտի մասին, ասում են, խոսք լինել չի կարող. «Որ զրոյով են աշխատում, ուրախանում են, շատերն ասում են, որ եկամուտ չունեն, ինչի են աշխատում, որ չաշխատեն, ձյունը կնստի, ապակիները կջարդվեն, կոնստրուկցիան շուռ կգա, վնասն ավելի մեծ կլինի»։ 2005-2006 թթ-ին Հայաստանում գործել է 950 փոքր եւ միջին ջերմատնային տնտեսություն։ Գործող ջերմատների 40 տկոսը ծաղկի ջերմոցներ են եղել։ Վերջին տարիներին դրանցից շատերը չեն դիմացել մրցակցությանն ու փակվել են. «Էս վարկերով հնարավոր չի ոլորտը զարգացնել։ Միակ վարկատեսակը, որով կարելի է աշխատել, լիզինգն է, կառուցվող ջերմատունը թող մնա բանկին, էս մարդը կփակի վարկը նոր, ջերմատունը կմնա իրան»։ Պողոս Գեւորգյանն ընդգծում է՝ ողջ աշխարհում գյուղատնտեսությունը վարկավորվում է 2 տոկոսով, իսկ Հայաստանում տոկոսոդրույքը 14-15 տոկոսի սահմաններում է։ Թեեւ գազի գինն էլ նվազեց, սակայն դա էլ էական ազդեցություն չունեցավ ծախսերի կրճատման վրա։ Պողոս Գեւորգյանը հիմա հիշում է՝ կար ժամանակ, երբ խորհրդային բոլոր հանրապետություններին Հայաստանն էր մեխակ մատակարարում։ 2003 թ-ից սկսած մեխակ այլեւս դադարեցին արտահանել, մինչդեռ հիմա մույն մեխակը ներմուծվում է. «Ապրիլի 24-ին Թուրքիայից ենք մեխակը բերում, որ տանենք մեր Ծիծեռնակաբերդ»։ Ջերմատնային ասոցիացիայի նախագահը վստահ է՝ Հայաստանը հիմա էլ կարող է դառնալ ջերմատնային ինդուստրիալ երկիր, միայն թե դրա համար անհրաժեշտ է խաղի կանոնները փոխել։ Հակառակ դեպքում՝ զարգանալու հեռանկարի մասին խոսելն ավելորդ է։