Թենիսն սկսվում է այգուց (տեսանյութ)
Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը կարծում է, որ մարզաձեւը հանրապետությունում մասսայականացնելու համար հարկավոր է քաղաքային այգիներում եւ պուրակներում ավելացնել թենիսի խաղասեղանների քանակը: «Նախկինում ամեն ինչ լավ էր: Յուրաքանչյուր այգում թենիսի 4-5 խաղասեղան էր դրված: Ինքս առաջին քայլերս կատարել եմ հենց այգում, երբ 2-րդ դասարանում էի սովորում: Իմ առաջին մարզիչը տեսնելով, որ լավ եմ խաղում, ինձ ընդգրկեց սեղանի թենիսի խմբակում», - ասում է փորձառու մասնագետը: Ֆելիքս Սարգսյանը շատ է ցանկանում, որ սեղանի թենիսը պարտադիր դասավանդվի հանրային դպրոցներում: «Այսօր կան հանրակրթական դպրոցներ, որտեղ սեղանի թենիսի խմբակներ կան, բայց դրանք շատ քիչ են: Լավ կլիներ, որ բոլոր դպրոցներում առանձին սենյակներ տրամադրեին խաղասեղան տեղադրելու համար: Սեղանի թենիսը բավական օգտակար է երեխաների համար, այն անգամ նպաստում է տեսողության վրա», - նշում է ՀՀ վաստակավոր մարզիչը: Հայաստանում ներկայումս դժվար է արագ զարգացնել սեղանի թենիսը, պատրաստել բարձրակարգ թենիսիստներ, քանի որ շատ քիչ է պետությունից հատկացվող գումարները՝ 13 մլն դրամ, որը բավականացնում է մի քանի տեղական մրցումներ անցկացնելուն եւ պատանի թենիսիստներին միջազգային մրցաշարեր գործուղելուն: «Սեղանի թենիսը անցկացնելու համար առաջին հերթին հարկավոր է ֆինանսական մեծ աջակցություն, մարզիչների ֆանատիզմը: Իսկ ամենագլխավորն այն է, որ փոքր ռակետի մեր վարպետներն անընդհատ մասնակցեն տարբեր մրցաշարերի: Մեր ժամանակներում այնքան շատ էին թենիս խաղում, որ անգամ խաղալ չիմացողը սովորում էր», - ասաց նա: Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի տվյալներով հանրապետությունում այդ մարզաձեւով մշտապես զբաղվում է մոտ 800-1000 մարդ: Այն հիմնականում տարածված է մայրաքաղաք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Սեւանում եւ Արցախում: