«Ելք» դաշինքն սկսել է քվեարկությունը
«Ելք» դաշինքը քիչ առաջ հրապարակեց իր համամասնական ցուցակը։ Դաշինքի մեջ ընդգրկված կուսակցությունները կներկայացնեն իրենց թեկնածուներին ու բաց ընթացակարգով կկազմեն ընդհանուր ցուցակը։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ որոշումները կայացվում են կոնսենսուսով, ու բոլորովին պարտադիր չէ, թե ով որ համարում կլինի, ու ինքը դեռ չի կողմնորոշվել` ում կքվեարկի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը իր հերթին նշեց, որ իրենք ուզում են, որ յուրաքանչյուր անդամի ներգրավումը ցուցակում լինի թիմի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի ներքին համոզմունքը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց համար տարբերություն չկա, թե ով կլինի առաջինը կամ երկրորդը. «Ինձ համար նշանակություն չունի, թե որ համարում կլինեմ, քանի որ ես հաջողակ մարդ եմ, որտեղ էլ լինեմ, հաջողակ կլինեմ»: Այս պահին դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն քվեարկում է մյուս երկու կուսակցության առաջին եռյակը։ Առաջինը քվեարկում է «Լուսավոր Հայաստանը»։ Հիշեցնենք, Երեք կուսակցությունները դեկտեմբերի 12-ին համատեղ քաղաքական գործունեության հուշագիր էին ստորագրել, որով ենթադրվում էր, որ 2017թ. խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով՝ դաշինքով: