Բողոքի ակցիա՝ Բելառուսի դեսպանատան մոտ. պատգամավորների կոչը (տեսանյութ)
ԱԺ քառօրյայի մեկնարկին պատգամավորներն անդրադարձան ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձմանը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սա սովորական դեպք չէ և ԱԺ-ն՝ որպես թիվ մեկ քաղաքական մարմին, իր դիրքորոշումը պետք է այստեղ հայտնի: ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը որպես հայ-բելառուսական հանձնաժողովի նախագահ, պաշտոնապես հայտնել է, որ սա խայտառակ քայլ է. «Սա ՌԴ-ի, ԼՂՀ հարցի կարգավորման և ՀՀ-ի դեմ, և ժողովրդավարական արժեքների դեմ է, սա խայտառակություն և կեղտոտ գործարք»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Լապշինին Ադրբեջանին է արտահանձնել ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն այն բանի համար, որ նա Արցախ է այցելել և պոզիտիվ արտահայտվել. «Սա քաղաքական նշանակության հարց է և համարժեք է Բուլղարիայի կողմից մարդասպան Սաֆարովին արտահաձնելուն: Կոչ եմ անում այսօր ժամը 15:00-ին լինել Բելառուսի դեսպանատան դիմաց, մեր կոշտ դիրքորոշումը արտահատելու համար: ՀՀ ԱԳՆ պետք է հետ կանչի Բելառուսում ՀՀ դեսպանին և կոշտ միջոցներ ձեռնարկի»: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ սա ուղղակիորեն հարված է ՀԱՊԿ ամբողջ համակարգին և ստվերում է այն ջանքերը, որ փորձում են իրականացնել. «Կոչ եմ անում մասնակցել ակցիային, բայց հիշեք, որ ՀՀ ունի մեկ ռազմավարական գործընկեր, դա ՌԴ-ն է»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ սա աննախադեպ լկտիություն և ցինիզմ է. «Այստեղ ամենամեծ անելիք ունի ՀՀ-ն, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն: Ես կողմ կլինեմ սառեցնենք անդամությունը ՀԱՊԿ-ում, մինչև խնդրին տրվի իրավական կարգավորում»: «Ժառագության» պատգամավոր Թեւան Պողոսյանն առաջարկեց հրավիրել արտահերթ նիստ, որին ներկա կլինի ՀՀ ԱԳՆ-ն ու քննարկել հարցը: «Սա այն թեման է, որ կարող ենք բոցաշունչ ելույթներ ունենալ, մինչդեռ կարող ենք կոնկրետ քայլեր անել։ Օրինակ՝ կարող ենք ԵՏՄ-ից Բելառուսի հեռացման հարցը դնել կամ Տիգրան Սարգսյանին ու Կարինե Մինասյանին հետ կանչենք»,- կոչ արեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ավելացրեց, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ այս խնդիրը հնչեցվել է, երբ քննարկվում էր Բելառուսի ժողովրդավարական ինստիտուտների խնդիրները. «Մեր ջանքերը պետք է ի մի բերենք, որ շարունակականորեն հետամուտ լինենք՝ խնդիրներին քաղաքական գնահատականը ստանանք»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ միանում է հնչած բոլոր առաջարկներին. «Որ Բելառուսի կողմից կողմնակալ վերաբեմունք կա, դա միշտ ակնհայտ է եղել: Սա պարզ գործարք է, սա ժողովրդավարության ոտնահարում է, մենք չպետք է հարց բարձրացնենք, որ ԵՏՄ-ին մեր անդամակցումը դադարեցնենք, այլ Բելառուսի անդամակցության դադարեցման հարցը պետք է բարձրացնել»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կոչ արեց լինել ավելի գործնական, եւ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ: ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանի կարծիքով էլ՝ ադրբեջանական դիվերսիաներին չի կարելի այսպես ոտի վրա պատասխանել. «Զարամանալի կերպով մեր ԱԳՆ-ն ժամանակին համապատասխան քայլեր չի ձեռնարկում ու չունի մշակած տակտիկա, որ դնի գործողության մեջ: Հետեւեք ՌԴ ԱԳՆ-ի աշխատաոճին՝ ցանկանացած շրջադարձի ժամանակ ունեն դեղատոմսեր, որ դնում են գործողության մեջ»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին հայտարարեց, որ Բելառուսի կողմից դա ոչ բարեկամական գործողություն էր ոչ միայն ՀՀ նկատմամբ, այլեւ Իսրայելի ու ՌԴ նկատմամբ. «Սա նաեւ միջազգային նորմերի ու մարդու իրավունքների ոտնահարում էր: Եթե ՀՀ ԱԺ-ում կա այսպես միահամուռ հակազդեցություն, ուրեմն առաջարկենք մեր արտաքին հարցերի հանձնաժողովին, որ տեքստ նախապատրաստվի ու դատապարտվի այդ երեւույթը, կամ խմբակցություններով դա անենք»: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ի պատասխան արձագանքեց. «Կարծում եմ՝ բոլորդ լսեցիք այն, ինչ ասացիք: Ես կարծում եմ, որ պետք է կատարենք առավելագույն քայլեր, որ նման երեւույթները տեղ չգնեն մեր քաղաքականության մեջ, այսինքն՝ չպետք է ԱԺ-ն հայտարարություն անի ու այդ մտայնությունը փակվի: Պետք է լուրջ քայլեր անել»: