7-ի փոխարեն 0,5 տոկոս. Տնտեսական աճի ցուցանիշը
Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.am կայքի նոր հրապարակումը Դեռևս 2013թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Մինչ 2015-ը Այս լույսի ներքո վերհիշենք, թե ինչպիսի՞ տնտեսական աճ են խոստացել տարբեր կառավարություններ 2013թ․-ից հետո։ Այսպիսով, չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, կառավարությունը 2013թ․-ին պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2014-2016թթ․-ի համար կանխատաեսում էր 6․3-6․4% տնտեսական աճ։ 2014թ․-ի պետական բյուջեով կանխատեսումը ստանում է ավելի համեստ տեսք․ կառավարությունը խոստանում է ՀՆԱ-ի աճ՝ 5.2%-ի չափով։ Կառավարության ներկայացրած 2015թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում էր ընդամենը 4․1% տնտեսական աճ, իսկ տարեվերջին ԿԲ նախագահի տեղակալն ասաց, որ այդ տարի կարող է խոսք գնալ ընդամենը 2.5-3.8% տնտեսական աճի մասին։ Այսպիով, պարզ է դառնում, որ չնայած բավական լավատեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ, 2013թ.-ին հաջորդող տարիներին տնտեսական աճի տեմպերը տատանվել են 3-4%-ի շրջանակներում: 2016-ը Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ 2016թ.-ի տնտեսության վիճակի վերաբերյալ, ըստ որոնց՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 100.5%: Այդպիսով, 2016թ. Հայաստանում ապահովել է ոչ թե նախատեսված 2.2-2.4% տնտեսական աճ, այլ ընդամենը 0.5%։ Այսուամենայնիվ, ինչպես երևում է ներկայացված գծապատկերից, հաջորդող բոլոր տարիներին ՀՀ փոփոխվող կառավարությունները այդպես էլ չեն կարողացել ապահովել այս ցուցանիշները: Տնտեսական աճի նման ցածր մակարդակը բավականին անհագստացնող է, քանզի ակնհայտ է, որ տնտեսական աճի այսպիսի տեմպերով հնարավոր չէ կրճատել 18%-ը գերազանցող գործազրկության և 31%-ը գերազանցող աղքատության մակարդակները: Տնտեսագիտական հետազոտությունները պնդում են, որ միայն տնտեսական աճի 5% և ավելի մակարդակի պայմաններում է հնարավոր նշանակալիորեն կրճատել աղքատության մակարդակը և ապահովել զբաղվածության աճ: Տնտեսագիտության մեջ տարածված մեկ այլ կանոնի համաձայն («70-ի կանոն»)՝ տնտեսական աճի 0.5%-ի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա կրկնապատկել իր ՀՆԱ-ն միայն 140 տարի հետո: 2016թ. գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կրճատվել է 5%-ով, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կրճատվել են 5.2%-ով, իսկ բուսաբուծական արտադրանքի ծավալները՝ 11.7%-ով: 10.1%-ի անկում է գրանցվել նաև շինարարության ոլորտում, այդ թվում՝ 37.7%-ով անկում է ապրել բնակարանային շինարարությունը: Առավել բարվոք վիճակում է գտնվում առևտրի և ծառայությունների ոլորտը, որտեղ գրանցվել է 1% աճ և ադյունաբերության ոլորտը, որտեղ գրանցվել է շուրջ 6.7%-ի հասնող աճ: