Աննախագահ կուսակցությունը միացավ Ծառուկյան դաշինքին (տեսանյութ)
2013 թվականին հիմնված՝ «Առաքելություն» կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցի Ծառուկյան դաշինքի հետ համատեղ։ Կուսակցության 3-րդ համագումարի ընթացքում քաղխորհուրդը միաձայն նման որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում «Առաքելության» քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն ասաց, որ կուսակցությունը չունի նախագահ, չկան նաև անդամատոմսեր, ցուցակագրումներ. «Դա ավելի շատ կաշկանդող և պարտադրող է, քանի որ մեր երկրում կուսակցական լինելու ֆորմալ կարգավիճակին վերապահումով են մոտենում։ Այսպիսի քաղաքական կառույց, ինչպիսին մերն է, չկա Հայաստանում։ Այն մեկ անձի շուրջ չէ կառուցված, այլ գաղափարի»,-նշեց նա՝ հավելելով, որ կուսակցությունը ներկայումս 2000-ից ավելի անդամ ունի։ Մեր հարցին, թե ինչ ծրագրով են գնալու ընտրություններին, Սուքիասյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնահերթ է օր առաջ Հայաստանում ունենալ ժողովրդի կամքը, քվեն արտացոլող ընտրական համակարգ, ստեղծել ժողովրդի քվեով իշխանություն փոխելու նախադեպ։ Քանի դեռ չկա այդ նախադեպը, ցանկացած գաղափարախոսություն դառնում է շատ խոցելի»։ Ըստ Սուքիասյանի՝ հենց այս նախադեպն են տեսել Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված դաշինքի հիմքերում։ Մանրամասները՝ տեսանյութում։