Ներսես Պողոսյանը չի կարողանում ազատ տեղաշարժվել
«100- ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի առողջական վիճակը չի կարգավորվում: «Նա ավելի դժվար էր տեղաշարժվում, ոտքերի խնդիրն ավելի էր խորացել, չի կարողանում նորմալ տեղաշարժվել»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանի մոտ խնդիրներն առաջացան հացադուլ հայտարարելուց հետո: Մոտ մեկ ամիս նա հացադուլ էր հայտարարել՝ պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ: Հացադուլն արդյունք չտվեց, փոխարենը առողջական խնդիրներն առաջ եկան: «Գլխացավերից, ճնշման խնդիրներից, սրտի աշխատանքից թեև գանգատվում էր, բայց ասում էր, որ բողոք չունի, չի ցանկանում այլ բուժհաստատություն տեղափոխվել»,- փոխանցեց պաշտպանը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բժիշկներն հաճախակի այցելում են նրան, դեղորայքային բուժումներ կատարում: Արդեն 8 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար: