Գյուղմթերքի վերամշակում, կաթնամթերքի արտադրություն, ջերմոցներ՝ Վայոց Ձորում
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: «Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները: