Հղի կինը կալանավայրում կարող է կորցնել երեխային (տեսանյութ)
Հղիության 6-րդ ամսում գտնվող Սուսաննա Թադեւոսյանը կալանավայրում կարող է կորցնել իր երեխային: «Խրոնիկ հիպերտոնիա ունի, ճնշումը միանգամից կարող է կտրուկ բարձրանալ եւ կտրուկ իջնել»,- «Ա1+»ին ասաց պաշտպան Աննա Թամազյանը: Սուսաննա Թադեւոսյանն արդեն 8 օր է՝ գտնվում է կալանքի տակ: Պաշտոնական փաստաթղթեր վնասելու համար մեղադրվողը չի ներկայացել մեկ դատական նիստի եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշել է փոխել նրա խափանման միջոցը: Ինքնակամ ոստիկանություն ներկայացած Սուսաննա Թադեւոսյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ: Հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ՝ 6 ամսվա հղիությունը, խնամքին 1,5 տարեկան երեխա ունենալը, մշտական բնակության վայրը»: Թեեւ «Աբովյան» ՔԿՀ-ում Սուսաննա Թադեւոսյանին բուժօգնություն է տրամադրվում, սակայն պաշտպանը դա բավարար չի համարում. «Ասենք, ինքը ցնցումների մեջ ընկավ, կամ ճնշումը բարձրացավ, այնտեղ կա՞ն համապատասխան միջոցներ, հաստատ չկան»: Դեկտեմբերի 19-ից կալանավորվածին պաշտպանը կարողանում է տեսակցել միայն երկար քաշքշուկներից հետո 7 օր անց: Նույն օրը Աննա Թամրազյանը դիմել է դատարան՝ Սուսաննա Թադեւոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն մինչ օրս դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում չի կայացրել: Սուսաննա Թադեւոսյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է տուգանք, կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով և մինչև երկու տարի ազատազրկում: Մանրամասները՝ տեսանյութում