Գնել միայն հայերեն մակնշմամբ հրավառություն. ԱԻՆ-ը զգուշացնում է (տեսանյութ)
«Ամանորի օրերին հրավառություններից առաջացող վտանգը մեծանում է, եթե չենք հետևում դրանց օգտագործման և անվտանգության կանոններին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ այսօր ամեն քայլափոխի վաճառվում են հրավառություններ, որոնք հաճախ չեն համապատասխանում ԱԻՆ մշակած ստանդարտներին. «Խորհուրդ կտամ ծնողներին հրավառություններ գնել բացառապես մասնագիտացված խանութներից, որոնք մեր երկրում և հատկապես Երևանում շատ են: Այնտեղ փոքր է հավանականությունը, որ դուք ձեռք կբերեք ոչ որակյալ արտադրանք: Բացի այդ, պետք է անպայման ուշադրություն դարձնել, որ հրավառության վրա հայերեն մակնշմամբ գրված լինեն անվտանգության և օգտագործման կանոնները: Պետք է նշված լինի արտադրության օրը և պահպանման ժամկետը, ինչպես նաև խոտանման մասին, այսինքն՝ երբ հրավառությունը չի վառվում, պետք է տասը րոպե սպասել, չմոտենալ, քանի որ այն կարող է անսպասելի ինքնագործարկվել: Խոտանված հրավառությունը ոչ մի դեպքում չի կարելի գցել կրակի մեջ, այն պետք է ոչնչացնել ջրի մեջ մեկ օր թողնելով»: Նա նշեց, որ Կատեգորիկ արգելվում է հրավառությունն օգտագործել շենքերում, շինություններում, և դա միայն բենգալյան կրակներին և տորթերի վրա դրվող հրավառություններին չի վերաբերում: Պարոն Հայրապետյանը հավելեց, որ, բարեբախտաբար, Հայաստանում հրավառությունների պատճառով պատահարների թիվը շատ չէ: «Այս տարի գրանցվել է չորս դեպք, անցած տարի՝ յոթ դեպք, նախանցած տարի՝ վեց»,-եզրափակեց բանախոսը: