«Հաց բերողի» գործով Եվրադատարանը դիմել է կառավարությանը
ՄԻԵԴ-ը կառավարությունից պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ «Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել եւ պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Նրան մի քանի օր շարունակ բուժօգնություն եւ դեղորայք չէր տրամադրվել, իսկ շտապօգնություն կանչվել էր միայն երբ նրա վիճակը ծայրահեղ սրվել էր եւ միայն իր խցակիցների բողոքների արդյունքում: Համապատասխան միջոնրդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 § 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը եւ առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե՝
- ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը եւ պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր եւ այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, եւ
- արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից: