Սարի թաղի գործով դատական նիստը՝ սերիալ (տեսանյութ)
«Սարի թաղի իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների, նկատմամբ բռնության գործով կալանավորված 9 անձանց միևնույն մեղադրանքն է առաջադրվել, բայց նրանցից որևէ մեկին պարզ չէ, թե ինչի համար են մինչ օրս կալանավորված»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կալանավորվածների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անհայտ անձանց հետ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Փաստաբանի խոսքով՝ դատական վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, հարցաքննվել է երկու տուժող ոստիկան, բայց նրանցից ոչ մեկը չի կարողացել հստակ ասել, թե ում կողմից է բռնության ենթարկվել, չեն էլ ճանաչել մեղադրալներին: «Միայն ոստիկաններից մեկն ասաց, որ հետագայում տեսանյութը դիտելով ամբաստալյաններից մեկին նմանեցրել է այդ տեսանյութում գործողություններ կատարող անձին»,-ասաց նա: Ըստ փաստաբանի՝ ոչ մեղադրող կողմը, ոչ դատավորը չկարողացան բացատրել, թե ինչ հիմքով են մեղադրյալ ճանաչվել այդ 9 քաղաքացիները: «Միայն ասացին, որ դատական նիստերի ընթացքում դա կպարզվի: Անձը պետք է պատասխանատվության ենթարկվի միայն իր կողմից արված գործողության համար, այլ ոչ ուրիշ անձի կողմից կատարված հանցագործության»,-ասաց Սիմոնյանը: Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանն էլ հավելեց, որ ամուսինը առողջական խնդիրներ ունի, բայց կալանավայրում համապատասխան բուժում չի ստանում. «Ես դիմում գրեցի Մարդու իրավունքների պաշտպանին, այնտեղից ինձ ասացին, որ ամուսինս համապատասխան բուժզննում անցել է, դեղորայքներ է ստանում, բայց դա այդպես չէ: Նա սրտի հետ կապված խնդիրներ ունի, բայց հիմա էլ ասում է, որ ոտքերն են դողում, չի կարողանում կանգնել, ամբողջ օրը քնած է»,-նշեց կինը՝ հավելելով, որ դատական նիստերից ոչ մի ակնկալիք չունի, քանի որ, ըստ նրա, ոչ մի փաստարկ չի ընդունվում որպես օրինական: Սարի թաղի կալանավորված մյուս բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանն էլ այս ամենի մեջ մեկ պատճառ է տեսնում՝ վերևից հրահանգել են պատժել քաղաղացիներին. «Չկա որևիցե հիմք, թե ինչու է նրանց փախանման միջոցը ընտրվել կալանք: Ի՞նչ են քննում հատուկ քնչչական կոմիտեում, երբ չկան փաստեր, ինչի՞ համար են մարդիկ չորս ամիս փակի տակ: Պետբյուջեից կրճատումներ են անում, թող սկսեն քննչական կոմիտեից: Դատախազը ոնց որ դասը վատ սերտած աշակերտ լինի մեղադրական ճառը կարդալիս, չի կարողանում բացատրել, թե այս մարդիկ կոնկրետ ինչ գործողություններ են արել: Նա տարրական հարցի չի կարողանում պատասխանել, թե կոնկրետ ինչ են արել, որ դուք կալանավորել եք նրանք, բայց չի մոռանում սիրուն կատսյում-շալվարը հագնի, մերսեդեսով գա դատարան: Մի հատ սերիալ է, թատրոն»,-ասաց նա: Գործով դատական հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 29-ին: