ԴՆԹ թեսթը փոխել է ցմահ դատապարտյալի ճակատագիրը (տեսանյութ)
16 տարի անց Ջեֆրի Դեսկովիչի առջեւ բացվել են բանտի դռները, երբ թվում էր սպանության եւ բռնաբարության համար ցմահ դատապարտածի համար այլեւս ազատության հույս չկա։ «Ես անմեղ եմ ճանաչվել ԴՆԹ թեսթի հիման վրա, նրանք կարողացել են պարզել, որ ես չեմ կատարել, այլ մեկ այլ անձ»,- այսօր լրագրողներին ասաց Ջեֆրի Դեսկովիչը : 16 տարի բանտում անցկացնելու համար որպես փոխհատուցում ստացել է 41 մլն դոլար եւ այդ գումարներով 30 անձի օգնել է վերադառնալ հասարակություն՝ բանտից հետո: «Առաջինը շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, երկրորդը, որ երբեք չեմ հանձնվել եւ եղել են մարդիկ, որոնք հավատացել են, որ անմեղ եմ եւ օգնել են, որպեսզի կարողանամ պայքարել»,- Ջեֆրի Դեսկովիչը Երեւանում մասնակցում էր «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» կլոր- սեղան քննարկմանը: Մինչ տարբեր երկրներ ընդունում են իրենց դատական սխալները եւ գործերը վերաբացում, Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված 98 անձանցից եւ ոչ մեկի գործը չի վերաբացվել՝ չնայած 3 գործերով ի հայտ են եկել նոր ապացույցներ: Հայաստանում 2009-ից 2013 թթ-ին 24 անձ է դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ 2013-ից 2016 թթ՝ 1: Մասնագետները սա բացատրում են քրեական օրենսգրքի փոփոխություններով, որով չհաշված ցմահ դատավճիռը, պատժի առավելագույն չափը 15-ից դարձավ 20 տարի: Հայաստանում նոր քրեական օրենսգիրքը կլուծի նաեւ մեկ այլ խնդիր։ Մինչ օրս դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները ոչնչացվել են. «Իրեղեն ապացույցները Հայաստանում շարունակում են ոչնչացնել, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի համաձայն իրեղեն ապացույցները չեն ոչնչացվելու եւ դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, որքան կենսաբանորեն հնարավոր է դրանք պահել»,- ասաց «Անմեղության հայկական ծրագրի» նախագահ Զարուհի Մեժլումյանը: Խումբն առաջարկում է Հայաստանում ձևավորել մարմին, որը կզբաղվի «ավարտված» քրեական գործերի ուսումնասիրմամբ, կունենա լիազորություն վերաբացման հիմքերի դեպքում եզրակացություն ներկայացնել բարձրագույն դատական ատյան: