Լարսի վրացական կողմում խնդիրներն ավելի քիչ են, քան ռուսական կողմում (տեսանյութ)
Եթե Լարսում ձյան տեղումները թուլանան, ապա մի քանի ժամվա ընթացքում այն կբացվի: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ըստ նրա, անցակետի ռուսական կողմում կուտակված է մոտ 700 ավտոմեքենա, որից մինչեւ 400-ը հայկական մեքենաներն են. «Դրանք հիմնականում բեռնատարներ են, որովհետեւ մարդատարներին ժամանակ առ ժամանակ բաց են թողնում: Իսկ վրացական կողմում կուտակված մեքենաների թիվը համեմատաբար քիչ է»: Նախարարը համաձայն չէ, այն պնդման հետ, թե Լարսում կուտակված մեքենաների վարորդները դժգոհում են տեղում սննդի բացակայությունից, կեցության հարցերից. «Ես այնտեղ շփվել եմ բոլոր վարորդների հետ, չեմ կարող ասել բոլոր 700-ի հետ, բայց, իհարկե, ընդհանուր խոսել ենք: Իրենք եւ դժգոհություն ունեն, եւ գոհունակություն: Ասում են, որ մարդիկ իրենց օգնում են՝ եւ պետական կառույցների ներկայացուցիչները, եւ բնակիչները: Կան նաեւ տրանսպորտային կազմակերպություններ, որոնք ուղարկել են իրենց ներկայացուցիչներին, կան նաեւ մարդիկ, որոնք իսկապես բողոքում են ինչ-որ ուրիշ հարցերով: Կարծիքները տարբեր են»: Վահան Մարտիրոսյանը հավելեց, որ վրացական կողմում խնդիրներն ավելի քիչ են, քան ռուսական կողմում. «Որովհետեւ բոլոր մեքենաները ոչ թե իրար հետեւից են կանգնած, այլ տեղ-տեղ, կուտակումները քիչ են, կան սննդի օբյեկտներ: Իսկ ռուսական կողմում հերթը շատ երկար է, սննդի կետերը իրարից հեռու են»: Հնարավո՞ր է արդյոք, որ մեր երկիրը Լարսին այլընտրանք գտնի. «Մենք քննարկումներ անում ենք լաստանավերի համար: Արդյունքները շուտով պարզ կլինեն՝ կամ դրական կամ բացասական: Կախված է գնից»: