Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաճախ ձկնագողերը թողնում են որսն ու փախչում (տեսանյութ)

Հասարակություն
Sevan01

Դեկտեմբերի 1-ից Բնապահպանության նախարարի հրամանով Սևանա լճում ձկնորսությունն արգելվել է: Չնայած դրան, Սեւանա լճում ձկնորսությունը չի դադարել. «Բնականաբար, Սևանա լիճը մեծ է իր տարածքով եւ ձկնորսների որոշ մաս կա, որոնց գիտակցությանը չի հասնում եւ իրենք չեն  լսում մեր խորհուրդները, խնդրանքները, այլ ճանապարհներով մտնում են լիճ, իրականացնում են որս եւ տարբեր ճանապարհներով ձուկը հասցնում են Երևան»,- ասում է ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը: 14 օրվա ընթացքում արդեն հարուցվել է 4 քրեական գործ՝ 7 անձի նկատմամբ,- նշում է պարոն Սարգսյանն ու հավելում, որ դեպքերն ավելի շատ կարող էին լինել. «Երբ ձկնորսները հասկանում են, որ կբռնվեն, թողնում են որսն ու փախչում, նրանք իհարկե չեն պատժվում, բայց ձուկն այլեւս հետ վերադարձնելը լիճ անհնար է ու վնասը նույնն է»: Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնյայի՝ լիարժեք արդյունքի հասնելու համար քաղաքացին էլ պետք է  բոյկոտի եւ այս շրջանում չգնի սիգ, այդ դեպքում պահանջարկ չի լինի,  վաճառք՝ նույնպես»: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի խոսքով էլ՝ այս տարի ձկնագողության թվի ակնհայտ նվազում կա նախորդ տարիների հետ համեմատած. «Իհարկե, վաճառքը կա, բայց առաջին հերթին տեղի ժողովուրդը պետք է հասկանա, որ ձկնագողության վերացման դեպքում կունենանք ավելի շատ պաշարներ: Այսօր, ցավոք, արդյունագործական ձկների պաշարները կազմում են 450 տոննա։ Իսկ ընդհանուր ձկնապաշարի 70-80 տոկոսը կազմում են մանրաձկները» «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք 10-օրյա արգելքի վերացումը բացասական ազդեցություն չի ունենա ձկների վերարտադրության վրա, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Դե բնական է, որ դա արվում է սոցիալական նկատառումներով, լավ կլիներ, որ արգելքը սկսեր նոյեմբերից ու չհանվեր մինչեւ փետրվար, բայց մյուս կողմից էլ  եթե այս 20 օրը լավ հետեւենք, ապա վնասները քիչ կլինեն»: