«Արցախի Դրամատիկականի շենքը փտում է» (տեսանյութ)
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մերժել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի առաջարկը՝ Ստեփանակերտում բացել ակադեմիայի մասնաճյուղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իսաբեկյանը՝ խոսելով օրերս Արցախում մշակութային գործիչների և պետական այրերի հետ հանդիպման մասին: «Տասը տարի առաջ դեռ այդ միտքը ունեի, բայց այն ժամանակ դա հնարավոր չէր: Ես կարծեցի, որ հիմա արդեն եկել է ժամանակը: Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ ես ասացի այդ մասին, բայց նա ասաց, որ առայժմ սպասենք, դեռ ժամանակը չէ, ես հասկացա և ընդունեցի, բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր ուսանողները հաճախ կայցելեն Արցախ, ցուցահանդեսներ կկազմակերպեն և այլն»,-նշեց Արամ Իսաբեկյանը: Ասուլիսի ներկա՝ ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ միությունը միակն է Հայաստանում, որի անդամները նաև արցախցի գրողներն են. «Արցախում հանդիպման ընթացքում ես ելույթ ունեցա՝ հայտնելով իմ մտահոգությունները: Խնդիրն այն է, որ հայերը Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրում են երեք տարբեր իրավիճակներում: Արցախում հատկապես պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է, մարդիկ զգում են, որ պատերազմը հեռու չէ, այդ հոգեվիճակով են ապրում: Մենք այս երեքը սոսնձելու և գաղափարական ոգով լցնելու մեկ ճանապարհ ունենք՝ դա մշակույթն է»,-ասաց Միլիտոնյանը՝ նշելով, որ Արցախում նա առաջարկել է գալիք տարին հայտարարել գրականության տարի: Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, որը նույնպես Արցախում մասնակցել է մշակութային գործիչների հետ հանդիպմանը, հայտարարում է, որ Արցախը մշակույթի պակաս չունի. «Բայց արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան: Հաջորդ խնդիրը, որ ես տեսա այնտեղ, Դրամատիկական թատրոնի շենքն է, որը հրաշալի մի կառույց է, բայց փտում է, քանի որ տակով ջուր է հոսում»: