Ինչու ՎՊ-ն ստուգումներ սկսեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում (տեսանյութ)
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը նախեւառաջ հարված է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության հիմքով հարուցված քրեական գործն արդեն հետեւանքներ է ունեցել: «Մեր հետ իրականացվող մի քանի ծրագրերի ներդրողներն արդեն ժամանակավորապես խնդրել են, որ սպասենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Թե ինչու վերահսկիչ պալատն առհասարակ ստուգումներ սկսեց հիմնադրամում, Բագրատ Ենգիբարյանը չի հասկացել: Ստուգումից հետո էլ ակնկալում էր, որ եզրակացության շուրջ իրենց հետ քննարկումներ կլինեն: Քննարկումներ այդպես էլ տեղի չեն ունեցել: Ավելին, արձանագրությունների տակ իրենք չեն ստորագրել, նշել են, որ առարկություններ ունեն: Դրանց մի մասը վերաբերում է բաժնեմասերի վաճառքին։ «Հիմա հարց է բարձրացվում՝ ինչու 20 տոկոս, ոչ թե այլ տոկոս: Խնդրի դրվածքը չի ուսումնասիրվում, տարբեր փաստեր իրար հետ չեն համադրվում եւ կամայական ձեւով փորձում են եզրակացություն կատարել»,-ասում է հիմնադրամի տնօրենը: ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտել է, որ Բագրատ Ենգիբարյանը լիազորել է իր երկու աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իր հետ հիմնադրամի անունից կնքեն փոխառության պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 37 մլն դրամ: Որ ինքը փոխառություն է վերցրել՝ Ենգիբարյանը չի հերքում, ասում է առողջական խնդիրներ է ունեցել, վերցրած գումարն էլ վաղուց մարել է: «Կազմակերպությանը հաջողվել է ստեղծել դրամագլուխ, որը սոցիալական նպատակներով իր աշխատողներին դրամագլուխ է տալիս՝ սոցիալական ու առողջապահական խնդիրները լուծելու համար, գումարները վերադարձելի են»: «ՁԻՀ-ն ոչ պետական կառույց է, եւ այն ինչ արգելված չէ օրենքով՝ թույլատրելի է, փոխառությունը գործարք է, որի իրավասությունը տրված է տնօրենին»,-ասաց ՁԻՀ իրավաբան Արամ Խաչատրյանը: Քրեական գործը հարուցվել է 214 րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման համար։ Առայժմ որեւէ անձ ներգրավված չէ գործի քննությանը; Հիմնադրամի տնօրենը հույս ունի, որ քննիչները պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեն, եւ իրավիճակը կշտկվի։