Հերթական 50 միլիոնանոց վարկը՝ կառավարության բարեփոխումների համար
Հայաստանի կառավարությունը եւ Համաշխարհային բանկը երեկ երեկոյան ստորագրել են 50 միլիոն դոլար գումարով Զարգացման քաղաքականության ֆինանսավորման գործառնությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներում ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին սատարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ, ծրագիրն իրականացնող թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը նշեց, որ քառամյա ծրագրի շրջանակներում սա վերջին մասնաբաժինն է: Առաջին մասնաբաժինը՝ 82 մլն դոլար, տրամադրվել է 2013 թ-ին: Հետագա տարիներին գումարն աստիճանաբար նվազել է, 2014թ-ին այն կազմել է 70 մլն եւ 2015-ին՝ 60 մլն դոլար: «Ծրագիրը կառուցվել է 2 հիմնական հենասյուների շուրջ: Առաջինը ֆինանսական, սոցիալական, բնապահպանական հենասյունն է, որի շրջանակում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, «Ընդերքի մասին» օրենսգրքի փոփոխությունները, որով այն համապատասխանեցվում է «Թափոնների մասին» օրենքին: Դրանով կնվազեցնեն շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման գործունեության բացասական ազդեցությունները»,-ասաց Գոհար Գյուլումյանը: Նրա խոսքով, վարկային ծրագրի շրջանակում աջակցել են նաեւ Հայաստանի կառավարությանը՝ հարկային օրենսդրության մշակման հարցում: Երկրորդ հենասյունը Հայաստանի տնտեսության մրցունակության հետ կապված միջոցառումներն են, որոնք պետք է օգնեն Հայաստանին՝ առավել մրցունակ դառնալ միջազգային շուկաներում: «Մենք աջակցում ենք օրենսդրական, ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծմանը, սակայն չենք կարծում, որ դրանք բավարար են մրցունակության բարձրացման եւ կայունության հետ կապված: Միայն բարեփոխումների շարունակականության դեպքում հնարավոր կլինի արդյունք ունենալ»,-ասաց նա: Գ. Գյուլումյանի դիտարկմամբ, այն միջոցառումները, որ նախատեսվել են վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային բանկի գնահատականով բավարար մակարդակի են կատարված: Վարկը Հայաստանին տրամադրվում է 14,5 տարի արտոնյալ ժամկետով եւ 25 տարի մարման ժամկետով: