Կառավարությունն արտոնություն է տալիս
«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ինքնազբաղված անձանց համար հարկային պարտավորությունների կատարման համար առավել արտոնյալ պայմանների սահմանման անհրաժեշտությամբ, որը նախատեսված է ՀՀ ԱԺ կողմից հավանության արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով: Այս մասին այսօր հայտարարվել է կառավարության նիստում։ Օրինագծով առաջարկվում է ինքնազբաղված անձանց համար սահմանել հարկային արտոնություններ: Նախատեսվում է, որ օրենքով սահմանված գործունեության տեսակներն ինքնուրույնաբար իրականացնող ֆիզիկական անձինք (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով հաշվարկման և պետական բյուջե վճարման ենթակա հարկերից: Օրինագծով սահմանվում են գործունեության այն տեսակները, որոնք իրականացնելու դեպքում ինքնազբաղված անձանց համար սահմանվում են հարկային արտոնություններ: Օրենքի նախագծի ընդունման հետ կապված առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում: Անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում անհատ ձեռնարկատերերը և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառումից դուրս եկած ֆիզիկական անձինք կազատվեն եկամտահարկի և սոցիալական վճարի նվազագույն գումարների գծով հաշվարկված պարտավորությունների վճարումից: Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված` անհատ ձեռնարկատերերի, նոտարների և ինքնազբաղված անձանց կողմից վճարված սոցիալական վճարների գումարների՝ որպես կուտակային հատկացումներ` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցումների բնականոն ընթացքի ապահովում, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից իրականացված՝ ապրանքի մատակարարում համարվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ապահովում: