Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիթեք»-ին հանձնարարվել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին

Հասարակություն
sanitek-1

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  հաշվի առնելով առաջիկա օրերին ձյան տեսքով տեղումների կանխատեսումները, քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին: «Այս հարցում պետք է դրսևորվի միասնական մոտեցում: Թե´ պատասխանատու կառույցները, և թե´ համապատասխան տարածքների վարձակալները, համաձայն պայմանագրային պարտավորության, պետք է իրենց մասնակցությունն ունենան այս աշխատանքներում: Մեկ անգամ ևս ծանուցեք բոլորին, որ պատշաճ կազմակերպեն և իրականացնեն հարակից տարածքների մաքրման աշխատանքները: Նաև խստորեն վերահսկեք թե՛ «Սանիթեք» ընկերության, և թե՛ համատիրությունների կողմից համապատասխան աշխատանքների իրականացումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները. Հանրապետության հրապարակում մեկնարկել են նաև գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Պատրաստ է նաև Ամանորի առթիվ վարչական շրջանների տարածքներում տոնական համապարփակ միջոցառումների ծրագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ վարչական շրջաններում տոնական միջոցառումների պատշաճ անցկացման ուղղությամբ: