97 համայնք զրկված է տրանսպորտից (տեսանյութ)
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը քայլեր կձեռնարկի համայնքների տրանսպորտային խնդիրը լուծելու ուղղությամբ ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը hոկտեմբերի վերջին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարական տվեց ներկայացնել տրանսպորտային երթուղիներում չընդգրկված համայնքների ցանկը, պարզել պատճառները և առաջարկել լուծումներ բոլոր համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրում ապահովելու համար։ Քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ ներմարզային երթուղիներով չսպասարկվող համայնքները 97-ն են: Պատճառները տարբեր են, միաժամանակ կան խոչընդոտներ (անբարեկարգ գյուղական ճանապարհներն ու սակավաթիվ բնակչություն), որոնք շատ համայնքներում ընդհանուր են։ Գեղարքունիքի մարզում չսպասարկվող համայնքները 4-ն են: Այդ համայնքներում բնակությունը սեզոնային բնույթ է կրում: Վաղ գարնանը մարդիկ բարձրանում են սարեր՝ անասուններին արածեցնելու և գյուղ են վերադառնում ուշ աշնանը։ Գրեթե բոլորն էլ ապահովված են անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով։ Արմավիրի մարզի չսպասարկվող 6 համայնքներում անբարեկարգ գյուղական ճանապարհներից բացի բնակչությունն է սակավաթիվ, ուղևորահոսքը չի բավարարում փոխադրող ընկերություններին։ Արարատի մարզի երթուղիներում չընդգրկված 7 համայնքներում ևս պատճառները նմանատիպ են։ Շիրակի մարզում տրանսպորտ չունեցող համայնքները 21-ն են: Դրանք գտնվում են մարզի հյուսիս-արևմտյան մասում, փոքր համայնքներ են։ Այստեղ երթուղայիններ չեն գալիս ոչ թե ճանապարհի, այլ համայնքների բնակչության քիչ քանակի պատճառով: Տավուշի մարզում 32 չսպասարկվող համայնքներից 25-ը սահմանամերձ գյուղերը նույնպես սակավաթիվ բնակչություն ունեն և ուղևորահոսքի, որոշ տեղերում՝ նաև վատ ճանապարհի պատճառով դուրս են մնացել սպասարկումից: Նույն խնդիրը կա նաև Վայոց ձորի մարզի սահմանամերձ համայնքներում: Հաշվի առնելով այս բնակավայրերի ռազմավարական կարևորությունը՝ նախարարությունն առաջարկում է սպասարկող փոխադրող ընկերություններին ազատել բոլոր տեսակի հարկերից ու տուրքերից: Նախարարությունը ևս մեկ տարբերակ է առաջարկում. միջմարզային որևէ շահութաբեր երթուղի սպասարկելու մրցույթը համակցել մարզային որևէ ոչ շահութաբեր երթուղու հետ: Հանրապետության բոլոր համայնքները երթուղային ցանցի մեջ ներառելու նախարարության ծրագիրը պատրաստ է և ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: