««Սասնա ծռեր»-ի անդամին առաջադրված մեղադրանքը հոգեվարքի մեջ է» (տեսանյութ)
Հարություն Գասպարյանի անուն- ազգանունով անձ գոյություն չունի: Անձնագրերի եւ վիզաների վարչությունը նման գրություն էր ուղարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մինչդեռ Հարություն Գասպարյանը եւ եւս մեկ քաղաքացի ընթերակա են ճանաչվել՝ «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանի գործով։ Ըստ ոստիկանության, նրանց ներկայությամբ են Արմեն Միքայելյանի մոտից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: «Դա նշանակում է, որ անձնական խուզարկության մասին արձանագրությունը, որպես ապացույց օգտագործվել չի կարող, դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնք են իհարկե մեղադրանքից հրաժարվելը կամ արդարացման դատավճիռը»,- ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը: Դատախազ Հակոբ Ենոքյանը միջնորդեց անձնական խուզարկությունը կատարած անձին, որը արձանագրություն է կազմել, համապատասխան գրություն ուղարկել աշխատակազմ եւ պարզաբանում պահանջել կատարված գործողության վերաբերյալ Պաշտպան Երվանդ Վարոսյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից: Դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշեց մերժել միջնորդությունը, իսկ գործով մյուս ընթերակա-վկայի՝ Վարդգես Մովսիսյանի նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացրեց: «Մեզ համար ակնհայտ է, որ Արմեն Միքայելյանին առաջադրված մեղադրանքը հոգեվարքի մեջ է եւ ներկա պահին ընթանում են վերակենդանացման աշխատանքներ»,- ավելացնում է պաշտպան Երվանդ Վարոսյանը: Գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 7-ին: Մանրամասները՝ տեսանյութում: