Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենք առանց կնոջ եւ ծնողազուրկի կանխավարկածի

Կարևոր լուրեր Հասարակություն
դրամ

Առանց կանխավարկածի օրենքը մահվան վճիռ է: Նույնիսկ քրեական օրենսգիրքն է իր դատավճիռներով կանխավարկածներով գրված: Վիգեն Սարգսյանի 1000 դրամների մասին օրենքը ոչ մի կանխավարկած չունի: Մինչդեռ պիտի ունենար: Բանն այն է, որ այդ օրենքը նախ հակագենդերային է: Հայաստանում (կարդացեք նաեւ՝ Ղարաբաղում) սահմանին զոհվողը տղամարդն է: Պատերազմի դեպքում զոհի կամ հաշմվողի սեռի սահուն եւ նույնիսկ անկանոն անցում տեղի չի ունենում՝ մեռնող կամ հաշմվող զինվորը միշտ տղամարդ է: Հիմա հարցին մոտենանք կանխավարկածով: Խոշորամասշտաբ պատերազմի դեպքում բոլոր զոհվող, վիրավորվող կամ հաշմվող զինվորները լինելու են տղամարդիկ: Ընդունենք, թե այդ պատերազմում զոհվում, վիրավորվում կամ հաշմվում են բոլոր տղամարդիկ: Ըստ Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենքի, նրանց բոլորի ընտանիքներն ազատվում են 1000 դրամ պարտադիր վճարից: Հետեւաբար 1000 դրամ մուծվելու բեռը ծանրանում է այն աղջիկների եւ կանանց ընտանիքների վրա, որտեղ տղամարդիկ չկան: Սակայն, եթե բոլոր տղամարդիկ զոհվում, վիրավորվում կամ հաշմվում են, այդ դեպքում ովքե՞ր են պահում սահմանը: Այսինքն, ու՞մ կյանքի ապահովագրության համար պետք է տքնեն կանայք եւ աղջիկները: Ոչ մեկի: Տղամարդու բացակայության կանխավարկածն օրենքում չկա: Կանայք իրենք պետք է անցնեն գործի: Եթե մինչ այդ զոհվում, վիրավորվում կամ հաշմվում էին հանուն իրենց, հիմա նույնն անելու հերթը նրանցն է: Նշանակում է՝ 1000 դրամ պարտադիր վճարի օրենքի հեղինակները, որոնց համար զինվորի առկայությունը պարտադիր է, սահմանին կանգնեցնելու են կանանց: Հո Վիգեն Սարգսյանը կամ նրա եղբայրը չե՞ն գնալու սահման: Այս կանայք հարկ եղած դեպքում սահմանին հերթափոխի խախտումներով իրենց մոտեցող մեկ այլ աղջկա կամ կնոջ վրա գոռալու են՝ կանգ առ, կկրակեմ: Այս օրենքը չունի պատերազմի ընդգրկունության կանխավարկածը: Եվ եթե սահմանին կանգնելու են գեղեցիկ սեռի մարդիկ, ովքե՞ր են աշխատելու եւ տալու այդ 1000 դրամը՝ Գագիկ Ծառուկյա՞նը: Կամ՝ Սերժ Սարգսյանը: Նույնիսկ Սերժ Սարգսյանի դուստրերը չեն կանգնելու: Նրանց թոռնուհիներին էլ դա չի սպառնում: Ագահությունը, որով նրանք թալանում են Հայաստանը, ադրբեջանցի չի ճանաչում: Որովհետեւ ադրբեջանցին նրանց իշխանությանը չի սպառնում: Ադրբեջանցին չի ասում՝ մի թալանիր իմ երկիրը: Ադրբեջանցին համախոհ է այն ամենին, ինչ անում են Վիգեն եւ Սերժ Սարգսյանները, միայն թե Հայաստանի եւ Արցախի իզ ու թոզը մի վայրկյանում կորի: Մի խոսքով, սա օրենք է ամազոնուհիների մասին: Ինչու՞: Որովհետեւ սահմանային միջադեպերը լինելու են միշտ: Իսկ խաղաղություն չի լինելու: Որովհետեւ խաղաղությունն իր էությամբ է բացառում այն հրեշավորությունները, որոնց շնորհիվ Սերժ եւ Վիգեն Սարգսյանները մնում են իշխանության ղեկին: Խաղաղությունը պահանջելու էր պրոֆեսիոնալ եւ վճարովի բանակ, իսկ այդպիսի բանակը չէր մասնակցի ընտրությունների կեղծիքին: Այդպիսի բանակը չէր ենթարկվի հրամանատարների կամքին ընտրատեղամասերում: Այս օրենքը զինվորի դարդից չի ծնվել, նրա հիմքում թալանածի անձեռնմխելության խնամքն է: Այսինքն, թեման, որ իշխանությունն ագահաբար է ուտում բյուջեն, արդեն ականջ է սղոցում: Եվ այս մարդիկ փոխանակ բյուջեն հանգիստ թողնեն, որոշել են ավելի հանցավոր ճանապարհով գնալ՝ արժեզրկել մարդու կյանքը, գին դնել այդ կյանքի վրա: Պատկերացրեք՝ Ռոբերտ Աբաջյանի սխրանքին փոխարինում է գրոհից առաջ տեղի ունեցող հետեւյալ երկխոսությունը խրամատում. «Որ մեռնեմ, մաման ինչքա՞ն է ստանալու»: Մյուս զինվորը ծույլ աչքալուսանքի նման ասում է. «Հեչի պես մի 20 միլիոն դրամ»: Մխիթարվող մոր եւ քրոջ տեսլականը նրա ներսում կռվում է իր մեռած լինելու առաջին տարվա ընտանեկան ծանր ապրումներին: Բայց ի՞նչ: Այսինքն, նրանց մահը չպե՞տք է փոխհատուցվի: Պետք է: Անհրաժեշտ է: Պարտադիր է: Ցանկացած պետություն այդպես էլ կվարվի: Հակառակն է անմարդկային, ինչպես եղել է մինչեւ այժմ: Բայց ոչ այս գնով: Ոչ Վիգեն Սարգսյանի ցինիզմի գնով: Ինքը զինվորի մահվան համար ընտանիքին փոխհատուցելու մասին երկար է մտածել, սակայն չի մտածել (եւ սա նույնպես անմարդկային է) երկկողմանի ծնողազուրկ տղայի  մասին, որը մեծացել է մանկատանը: Ո՞րն է լինելու նրա մահվան փոխհատուցումը:  Նրա մահվան կանխավարկածը նույնպես օրենքում չկա: Իսկ օրենքը, ներողություն ձեւակերպման համար, որբին չի ազատում զինվորական ծառայությունից: Մինչդեռ օրենքն ընդունելուց երկկողմանի ծնողազուրկ տղան պետք է ազատվեր բանակից: Որովհետեւ նրա մահվան դեպքում փոխհատուցում չկա: Հո մանկատանը չե՞ս տալու այդ գումարը: Այսպես թե այնպես պետությունը պահում է մանկատունը: Զոհվել կարող են բոլորը՝ եւ մայր ունեցողը, եւ մայր չունեցողը: Սակայն փոխհատուցվել բոլորը չէ, որ կարող են: Նշանակում է՝ այդ փոխհատուցման գաղափարի դիմաց երկկողմանի ծնողազուրկ երիտասարդը դառնում է, կրկին ներողություն ձեւակերպման համար, էշ նահատակ: Այսինքն, ուրիշի մահվան փոխհատուցումը վիրավորում է նրա մահը: Ինքը ոչինչ չունի, ոչ մեկը չունի եւ նրա մահն էլ գին չունի: Ահա ինչու է սարսափելի նրա մահը: Ծնողազուրկ զինվորը մահվան փոխհատուցման բացակայության մեջ իրավահավասար էր մայր ունեցող զինվորին: Փոխհատուցումը ջնջում է այդ իրավահավասարությունը: Ես չեմ ասում, որ ծնողազուրկը չպետք է ծառայի: Ես չեմ ասում, որ փոխհատուցման գաղափարը հրեշավոր է: Ես ասում եմ՝ քո օրենքի դաշտից ծնողազուրկի կյանքի դիմաց տրվող փոխհատուցումը չկա: Ուրեմն, ի՞նչ անուն ես տալու նրա մահին: Ի՞նչ անուն ես տալու մանկատնից բանակ մեկնած ծնողազուրկի մահվանը: Որտե՞ղ է լինելու այն բարոյական հատուցումը, որ տրվելու է ծնողազուրկին: Արձա՞ն ես կանգնեցնելու: Իսկ եթե ամբողջ կյանքում ծիծաղել է արձանների վրա: Քո օրենքի մեջ պետք է երեւա արձանների վրա ծիծաղողին նկատի ունենալու կանխավարկածը, որպեսզի նրա մահը վիրավորական կողմ չունենա: Դպրոցի դասարա՞ն ես անվանակոչելու: Իսկ եթե նա պարզ անգրագետ էր, որովհետեւ այդպես էլ չգտաք ճանապարհը՝ նրա մեջ արթնացնելու ուսումնասեր լինելու մղու՞մը: Իսկ եթե նա այդպես էլ չունեցավ այն գիտակցումը, թե հանուն ինչի՞ կամ ու՞մ է մեռնում: Չուներ ոչ միայն հայր կամ մայր, այլեւ՝ սիրած աղջիկ: Որբի սիրած աղջկա կանխավարկածը այդ օրենքում չկա: Հետեւաբար այդ օրենքը պետք է հետ կանչվի: Որովհետեւ քաղաքացին, որը փող է տալիս ծնող ունեցող զինվորին, էս գլխից ձեռքերը լվացում է ծնող չունեցող զինվորի մահից:   Մհեր Արշակյան «Ա1+» ԲԼՈԳ