Ծախսը կկրճատվի հինգ անգամ. Սուրեն Քրմոյան (տեսանյութ)
Հանցագործություն կատարած անձին պետք է ոչ միայն պատժել, այլ նաեւ աշխատել նրա հետ՝ կրկնահանցագործությունը բացառելու համար։ 2016թ. հունիսի 6-ից ուժի մեջ են Պրոբացիոն համակարգը կարգավորող երկու օրենքները։ «Օրենսգրքով նախատեսված այն դեպքերում, երբ անձը ազատության մեջ է եւ պատիժը կրելու է համայնքում, ծառայությունը վերասոցիալականացում է անելու , հսկողություն է իրականացնելու»,- ասում է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Պրոբացիան ,որը ազատազրկման այլընտրանքն է, կարող է կիրառվել ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողների համար: «Պրոբացիան ե՛ւ պատիժ է, ե՛ւ լուծում, այսինքն պետք է աջակցի, ոչ թե մեկուսացնի, եթե մարդ չունի մասնագիտական հմտություն, պետք է դա ձեռք բերի, եթե ունի վարքային խնդիր, ապա պետք է օգտվի այդ ծառայություններից»,- կարծում է Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի տնօրեն Գայանե Հովակիմյանը: Պրոբացիայի պետական ծառայությունը սկսել է իրականացնել իր գործառույթները սեպտեմբերի 1-ից։ Դեռեւս վաղէ արդյունքների մասին խոսել: «Ամենամած մարտահրավերը, որ կա ծառայության առջեւ, դա վերասոցիալականացման ծրագիրը իրականացնելն է, քանի որ մի կողմից օրենքով նախատեսված է դա, բայց այն իրականացնելու մեխանիզմները դեռ լիարժեք չեն»,- նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Աննա Մելիքյանը: Ծառայությունում դեռ սպասվում են փոփոխություններ: Քրեական նոր օրենսգրքի ընդունումից հետո՝ Պրոբացիոն ծառայության շահառուները կարող են դառնալ այն մեղադրյալները, որոնց խափանման միջոցը կալանքն է. «Այդպես պետության ծախսերը կկրճատվեն, եթե մարդը պատիժը կրում է ՔԿՀ-ում, նրա վրա 5000-6000 դրամ ենք օրական ծախսում, պրոբացիայի դեպքում այն կլինի 1000 դրամ»,- ասում է Սուրեն Քրմոյանը: Այս պահին ծառայությունն ունի 2790 շահառու: Նրանք թվում են նաեւ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվածները: