Վահան Շիրխանյանին կդատի Արմեն Բեկթաշյանը
Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործը քննելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Այս գործով անցնում են 20 անձինք, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Գործով անցնում են նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա, ՀՀ եւ Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում: Այս գործով դատական նիստի օր դեռ չի նշանակվել: