Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարը դիմում կգրի ՀՀԿ–ին

Քաղաքականություն
vigen

Պաշտպանության անկուսակցական նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկայում դիմում կգրի ՀՀԿ–ին անդամակցելու վերաբերյալ։ Այդ մասին նա տեղեկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչեւ կեսգիշեր տեւած հանդիպման ժամանակ։ Կուսակցական դառնալ նրան մղել են նաեւ ԱԺ–ում այս օրերին ընթացող քննարկումները իր ներկայացրած օրինագծի շուրջ, որով նախատեսվում է հազարական դրամ պահել յուրաքանչյուր  աշխատողից որպես սոցվճար եւ փոխանցել զոհված եւ վիրավոր զինվորների ընտանիքների աջակցության հիմնադրամին։ Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նոր սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանի քաղաքական դաշտում այլեւս անհնար կլինի գործել առանց կուսակցական պատկանելիության։ Նախարարը, անդրադառնալով  հրապարակումներին, որ ինքը բանակում չի ծառայել, նման մեղադրանքները անարդար համարեց. ինչու՞ են սպայական եւ շարքային ժամկետային ծառայությունները տարանջատում ։ Իհարկե, ինքը բարդույթ ունի , որ  մարտական դիրքերում չի եղել, բայց փաստն այն է, որ ինքը ծառայել է երեք տարի եւ զորացրվել ավագ լեյտենանտի կոչում ստացած(2000-2003): Արդյունավե՞տ է եղել իր ծառայությունը,– հարց է հնչեցնում նախարարը եւ պատասխանում. պետք է հարցնել այդ ժամանակվա իր վերադասին։ Բանակի բարեփոխումների  եւ չարաշահումների մասին խոսելիս՝ Վիգեն Սարգսյանը նշում է, որ ինքը «ձեռք բռնելու, ձեռք կտրելու» կողմնակից չէ։ Ըստ նրա՝ ոչ թե   պետք է լինի համակարգ, որտեղ բռնում են գայթակվողին, այլ համակարգ, որտեղ չկա գայթակղություն։ Հարց հնչեց նաեւ վերջին օրերի սահմանային լարվածության եւ վիրավորների մասին տարածված լուրերին։ Նախարարը  նշեց, որ իրավիճակը, իրոք, լարված է, բայց «չենք ունեցել լուրջ վիրավորներ»։ Ի դեպ, Վիգեն Սարգսյանը առաջիկայում մեկնելու է Ռուսաստան, եւ այցի օրակարգում լինելու է նաեւ ռուս–հայկական զորախմբի  հարցը։