ՃՈ-ն 74 հազար վարչական ակտ պակաս է կազմել (տեսանյութ)
«2016 թվականի տասը ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված 2762 ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է 227 անձ, վիրավորվել՝ 3844-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՃՏՊ-ների թիվը նվազել է 196-ով, վիրավորների թիվը՝ 265-ով, իսկ զոհերինը՝ 63-ով։ Պարոն Խաչատրյանը նման դրական տեղաշարժը կապում է ՃՈ ձեռնարկած միջոցառումների հետ, մասնավորապես՝ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների տեղադրման։ «2009 թվականին Երևանում ՃՏՊ-ների արդյունքում արձանագրվել է մահվան 72 դեպք, 2010-ին՝ 81, 2011-ին՝ 92։ Բայց 2012-ին, երբ տեղադրվեցին այդ սարքերը, զոհերի թիվը նվազեց 29-ով»,-ասաց նա։ Քննարկմանը ներկա «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ ճանապարհային ոստիկանությունը միայն թվեր է ներկայացնում՝ չվերլուծելով, թե դրանց նվազումը կամ ավելացումը ինչով է պայմանավորված։ «Չունենք վիճակագրութուն, թե տրանսպորտային միջոցների անսարքության արդյունքում քանի մեքենա է վթարվել, քանի զոհ է եղել»,-ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ՃՏՊ-ները երեք բաղադրիչից են կախված՝ ճանապարհ, տրանսպորտային միջոց եւ վարորդ։ «Մենք ունենք անկազմակերպ վարորդ, որը մեզ ժառանգություն եկավ ԽՍՀՄ-ից։ Ճանապարհային երթևեկության կազմակերպումը, որի մեջ մտնում է նշանների տեղադրումը, գծանշումները, ստանդարտներին համապատասխանեցնելը, այսօր բացակայում է։ Անունը կա, իբրև արվում է, բայց չի արվում, քանի որ ՃՈ վրա դրված չէ, դա Երևանում իրականացնում է քաղաքապետարանը, մարզերում՝ ՏԻՄ-երը»։ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, թե իրենց վիճակագրության համաձայն՝ զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների 33 տոկոսից ավելին տեղի է ունենում արագության ռեժիմի խախտման հետևանքով։ Նա հավելեց, որ այս տարվա տասը ամիսների ընթացքում՝ 74 հազար վարչական ակտ պակաս է կազմվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հարցին, թե հնարավոր է տուգանքների գնի վերանայում լինի, պարոն Խաչատրյանը նշեց, որ դեռ պետք է սպասել համապատասխան փաթեթներին, իսկ Էդուարդ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ վարչական իրավախախտումների նոր օերնսգրքի համաձայն՝ տուգանքների գինը սկսվում է 1000 դրամից, նախկին 3000-ի փոխարեն, իսկ 50 հազար դրամից ավելի տուգանքները կիրառվում են՝ հաշվի առնելով վարորդների սոցիալական վիճակը։