A
A
Զինծառայողին Գերմանիա բուժման ուղարկելու փոխարեն «ուղարկել» են բանտ. hetq.am
Արմավիրի Մայիսյան գյուղի 27-ամյա բնակիչ, նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը մոտ 5 տարի փորձում է վերականգնել զինծառայության ժամանակ կորցրած առողջությունը: Սակայն, ինչպես Դավթի ծնողներն են պնդում, Գերմանիայում բուժում ստանալու՝ ՊՆ-ի խոստումները մինչ օրս չեն իրականացել, փոխարենը 2015թ-ի օգոստոսից որդին հայտնվել է կալանավայրում: Առաջին կարգի հաշմանդամ ճանաչված Դավիթ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարելու մեջ (ՔՕ 259 հոդված) ու դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման:
Կեղծ զանգերի պատճառն իր վրա ուշադրություն բևեռելն է եղել
«Երբ տեսնում էր, որ իր բուժման հարցերը չէին լուծվում, անընդհատ ՊՆ-ում ասում էին Գերմանիայում բուժումը 2 ամսից կլինի, 3 ամիսից կստացվի, բայց տարիներ էին անցնում, ջղայնանում էր»,-ասում է Դավթի հայրը՝ պատմելով, որ որդին բարկությունից, անհուսությունից իր բջջային համարով զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում ռումբ կա: Օրեր անց նորից զանգել է ու հայտնել՝ ռումբ կա «Մուրացան» հոսպիտալում, ապա օրեր անց ոստիկանությանը հայտնել է, թե ռումբ կա Բաղրամյան 26-ում: Մի քանի դրվագների համար պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սակայն 2015-ի դեկտեմբերի 17-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավիթ Հակոբյանին դատապարտվել 1 տարի 6 ամսվա ազատազրկման, թեև կարող էր կիրառել նաև տուգանք ու ամիսների կալանք: Դատարանում Դավիթը հայտնել է, որ կեղծ զանգերի պատճառը իր վրա ուշադրություն բևեռելն է եղել: Սակայն հիվանդ զինծառայողին ուշադրության արժանացնելու՝ նրա բուժումը արտերկրում կազմակերպելու փոխարեն, Դավիթ Հակոբյանին «ուղարկում» են բանտ:Դավիթ Հակոբյանին մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել
«Իմ տղայի առողջությունը գնալով վատանում է, ձախ կողմը թուլանում է, ձեռքն ու ոտքը հազիվ է շարժում, գոնե թողեն գաղութից շուտ տուն գա, մենք նորից բուժումները, մասաժները շարունակենք»,- ասում է Սերգեյ Հակոբյանը: Դավթի ծնողները տեղեկացրեցին, սակայն, որ որդուն արդեն 3 անգամ մերժել են պայմանական վաղաժամկետ ազատել: Ծնողներն են հոգում նաև Դավթի սննդի հարցը: Պատմում են, որ ամեն շաբաթ նրան ուտելիք եմ տանում «Արմավիր» ՔԿՀ, «քանի որ դիետիկ սնունդ պիտի տան, չեն տալիս»: Սերգեյի խոսքով, տղան բանտի սննդից վատանում է: «Մեր տանը 2 մահճակալ է մնացել, ամբողջը վաճառել ենք, որ Դավիթի առողջությունը վերականգնենք, հիմա ահավոր պարտքերի մեջ ենք, քանի որ Դավիթս գաղութում է»,-ասում է Սերգեյ Հակոբյանը:
Առաջին կարգի հաշմանդամության անժամկետ տրված քարտը
Դավթի մայրը, նախկին նախարարի միջամտությամբ, աշխատում է զորամասերից մեկում՝ լվացքատանը: 62 տարեկան կինը առավոտից երեկո 60 000 դրամով աշխատում է: Դավթի հայրը՝ 67-ամյա Սերգեյը, 3 ինֆարկտ է տարել, 30 000 դրամ թոշակ է ստանում: Ինքը՝ Դավիթը, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողը է, ստանում է 50 000 դրամ թոշակ: «Էստեղ էլ է Դավիթը տուժվել, սխալ են հաշվարկել թոշակը, շատ պիտի լինի, մոտ 120 000 դրամ»,-ասում են նրա ծնողները: