Ուսումնական վարժանք. «Երկրաշարժից» վնասվել են դպրոցի մասնաշենքեր
Նոյեմբերի 10-ին և 11-ին ՀՀ ԱԻ նախարարությունն անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցներում Աշխատակիցների և աշակերտների պաշտպանության իրականացումը երկրաշարժի ժամանակ։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում ուժեղացված և նոր կառուցված յուրաքանչուր դպրոցի համար արտակարգ իրավիճակներում արձագանքման գործողությունների պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով ուսումնական վարժանքներ են կազմակերպվել Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջաններում: ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա.Բադալյանը հակիրճ ներկայացրեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձավ պատրաստվածության կարևորությանը. - Քանի որ Երևան քաղաքը գտնվում է հնարավոր երկրաշարժի 8-10 բալային գոտում և այստեղ է գտնվում հանրապետության կառավարման մարմինների, արդյունբերության, տնտեսության և ազգաբնակչության հիմնական մասը, ուստի նմանատիպ միջոցառումները խիստ անհրաժեշտ են և կրում են պարբերական բնույթ: Ուսումնական վարժանքերին ընդգրկված են Երևան քաղաքի և վարչական շրջանների ղեկավար կազմն ու աղետների ռիսկի նվազեցման թիմերի ներկայացուցիչները, ՀՀ ԱԻՆ ՓԾ ԵՓՎ անձնակազմը, վարչական շրջանի դպրոցների տնօրենները և զինղեկները, ուստի վարժանքի դրական արդյունքը պայմանավորված է բոլորիս մասնակցությամբ: Ուսումնական վարժանքի տեսական հատվածում մասնակիցներին ներկայացվեց «Հեշտ ապրենք երկրաշարժի հետ» թեմայով տեսաֆիլմ, այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցները հանդես եկան զեկույցներով՝ աղետների ռիսկի նվազեցման թեմայով: Ինչպես Նոր Նորքի N 135 հիմնական դպրոցում, այնպես էլ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցում ուսումնավարժանքի մտահղացումը հետևյալն էր. Երևանում տեղի է ունեցել երկրաշարժ, վնասվել են դպրոցի մասնաշենքերը, առաջացել են փլուզումներ և հրդեհ, կան նաև տուժածներ: Դպրոցի երկու մասնաշենքերի 1-ին և 2-րդ հարկերը ամբողջությամբ ծխապատված են: Ծուխը տարածվում է դեպի մյուս մասնաշենքեր, վնասվել են կոմունալ-էներգետիկ համակարգերը: Դպրոցի ազդարարման համակարգի միջոցներով տրվեց ազդանշան և հնչեց տարհանման հրահանգ: Նախքան հրժեջ-փրկարարների ժամանումը՝ դպրոցի քաղաքացիական պաշտապանության շտաբի պետի գլխավորությամբ կազմակերպվեց աշակերտների տարհանումը: Դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո ժամանեցին հրշեջ-փրկարարներն ու անմիջապես սկսեցին դպրոցի տարածքում իրականացնել բացազատման, հետախուզության և հրդեհաշիջման աշխատանքներ: Հրժեջ-փրկարարները շենքում արգելափակված տուժածներին դուրս բերեցին և մոտեցրին տարածքում հերթապահություն իրականացնող շտապօգնության և կարմիր խաչի աշխատակիցներին: Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցում վարժանքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Արզումանյանը: Դպրոցի տնօրեն Լ. Դանիելյանի փոխանցմամբ՝ նման միջոցառումները միայն անհրաժեշտություն են, քանի որ վրահաս աղետի ժամանակ մեծ նշանակություն ունեն առաջին րոպեներին արված ճիշտ գործողությունները: -Մեր դպրոցում ուսանում է 1500 երեխա, ուսուցչական կազմը հասնում է 100-ի և այսպիսի վարժանքները նախևառաջ մեզ՝ մանկավարժներիս է անհրաժեշտ, քանի որ երեխաների ապահովության և անվտանգության պատասխանատվությունը մեզ վրա է: Հստակ կարող եմ ասել, որ Լ. Միրիջանյանի անվան N 155 հիմնական դպրոցը վաղուց առաջնորդվում է իմացությունը, գիտելիքը՝ փրկություն է նշանաբանով ,- եզրափակեց դպրոցի տնօրենը: Փ/ծ փոխգնդապետ Կ. Արզումանյանն ամփոփեց վարժանքի արդյունքերը՝ մատնանշելով գործողություների թերություններն ու բացթողումները, հանձնարարականներ տվեց դրանց վերացման ուղղությամբ և հայտարարեց ուսումնավարժության ավարտի մասին: