Այսօր Երևանի փողոցներում կհնչի Առնո Բաբաջանյանի երաժշտությունը (տեսանյութ)
Երեւանում տեղադրված Առնո Բաբաջանյանի արձանի մոտ այսօր կոմպոզիտորին հիշելու ու նրա ստեղծագործությունները հիշեցնելու էին հավաքվել նրա, ընկերներն ու գործընկերները, նրանք, ում ժամանակին ճանաչում բերեց հենց Բաբաջանյանի երաժշտությունը: Առիթը կոմպոզիտորի մահվան տարելիցն է:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը հիշում է՝ Բաբաջանյանը երգեր էր գրում նաեւ արտասահմանյան երգիչների համար, Միրեյ Մատյեի, Կարել Գոտյեի, Աննա Գերմանի, Լիլի Իվանովայի: «Ինձ էլ բախտ վիճակվեց 17 տարեկանից համագործակցել իր հետ, ես ունեմ 10-յակ երգեր, որոնց առաջին կատարումը եղավ իմ կողմից»,-ասաց նա:
ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքերով, Բաբաջանյանը սիրում էր լսել երիտասարդ երգիչներին. «Իրեն չէին դիմում, ինքը, եթե զգում էր, ասում էր՝ իր մեջ հաշիվ կա: Եթե ասում էր՝ հաշիվ կա, դա շատ մեծ նշանակություն ուներ: Հետո ինքը ուշադիր հետեւում էր նրա ստեղծագործությանը»:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հեռուստատեսությունում աշխատելու տարիներին հարցազրույցներ է ունեցել Բաբաջանյանի հետ; Ասում է՝ նրա խոսքը նույնքան գեղեցիկ ու գունեղ էր, որքան երաժշտությունը: Բաբաջանյանի ստեղծագործություններից ամենից շատ նա Երեւանին նվիրված երգեր է սիրում, ասում է՝ նրան գերազանցողներ դեռ չեն եղել»։ Բաբաջանյանի սերնդից հետո, թող ինձ ներեն ժամանակակից ստեղծագործությունները, մեր հայրենիքին, քաղաքին, ժողովրդին նվիրված երգերը կարծես թե մեր իրականության մեջ տեղ եւ դեր չունեցան: Նախարար լինելով փորձելու եմ ստեղծել այդ կապը»,-ասաց Ա: Ամիրյանը:
Այսօր ողջ օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում կհնչեն Բաբաջանյանի ստեղծագործությունների ձայնագրությունները, իսկ մինչեւ տարեվերջ դռները կբացի նաեւ Առնո Բաբաջանյանի անվան թանգարանը: