Չեռնոգորիայի հավաքականի առաջատար պաշտպանը վնասվածք է ստացել
Չեռնոգորիայի ֆուտբոլի հավաքականը, որը Հայաստանի ազգային թիմի առաջիկա մրցակիցն է, 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլում լուրջ կորուստ է կրել: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, թիմի առաջատար պաշտպան Մարկո Սիմիչը վնասվածք է ստացել եւ բաց կթողնի երեւանյան հանդիպումը: Խաղից դուրս է մնացել նաեւ կիսապաշտպան Նեմանյա Նիկոլիչը: Հարցականի տակ է մյուս առաջատար պաշտպան Ժարկո Տոմաշեւիչի մասնակցությունը, որը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչին, սակայն, ուրախացնում է այն փաստը, որ լուրջ վնասվածքից հետո կրկին շարք է վերադարձել թիմի գլխավոր ռմբարկուն՝ Միրկո Վուչինիչը: Նշենք, որ Չեռնոգորիայի հավաքականը Երեւան է ժամանելու վաղը, նոյեմբերի 10-ին: Նախախաղային մարզումը թիմը կանցկացնի ուշ երեկոյան, ժամը 21:00-ին: Հիշեցնենք, որ Հայաստան – Չեռնոգորիա ընտրական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: