«Փյունիկին» բախտը ժպտաց, իսկ «Ալաշկերտին»՝ ոչ
«Այսօր այնքան էլ հավասարակշռված չխաղացինք, հակառակորդին շատ էինք ազատ տարածություններ տալիս պաշտպանվելիս: Լավ էր, որ սկզբում գոնե երկու գոլ խփեցինք: Իսկ խաղավերջում պարզապես բախտը ժպտաց մեզ», - Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում այսօր կայացած «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղից հետո ասաց դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը: Վերջինս իրավացի է, քանի որ 92-րդ րոպեին ալաշկերտցիների ավագ Վահագն Մինասյանի գլխի հարվածից հետո գնդակը պարտավոր էր հայտնվել ցանցում, սակայն փյունիկցիների պաշտպանը վերջին պահին հասցրեց այն հեռացնել անպաշտպան դարպասից եւ պահպանել հաղթական հաշիվը՝ 2:1: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Կարեն Բարսեղյանն իր թիմի պարտությունը բացատրեց ֆուտբոլիստների հոգնածությամբ:«Ֆուտբոլիստներին ոչնչով չեմ կարող մեղադրել, իրենք ամբողջովին տրվեցին խաղին: Ցավոք սրտի, այն մեկ օրվա տարբերությունը, որը մենք ունեինք «Փյունիկի» հետ, վերջում զգացնել տվեց: Փյունիկցիները մեկ օր ավելի էին հանգստացել, իրենք երիտասարդ են եւ ավելի շուտ են վերականգնվում: Հենց այդ գործոնը վճռական դեր խաղաց», - ասաց չեմպիոնի նորանշանակ մարզիչը: Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 21 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով հենց «Ալաշկերտին»: Այսօր առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացավ եւս մեկ հանդիպում: Կապանի «Գանձասար-Կապանը» սեփական դաշտում հյուրընկալեց մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատին» եւ հաղթեց 1:0 նվազագույն հաշվով: