Oգտագործելով կապարով հարուստ ներկ՝ մարդիկ վտանգի տակ են դնում իրենց առողջությունը (տեսանյութ)
Հայաստանում վաճառվող ներկերի մեծ մասը պարունակում է նորմայից մի քանի անգամ ավել կապար: Այդ տվյալները հրապարակել է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ ուսումնասիրելով շուկայում վաճառվող 7 երկրի 49 տեսակի արտադրանքը: «49-ից 29- ում, այսինքն՝ կեսից ավելիի մեջ եղել է ավելի շատ կապար, քան միջազգային ստանդարտն է»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը: Կապարի ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է անդառնալի լինել: Բնապահպանները զգուշացնում են՝ բնակարանի նորոգման համար օգտագործելով կապարով հարուստ ներկ՝ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ վտանգի տակ են դնում իրենց առողջությունը. «Այն ախտահարում է ներվային համակարգը՝առաջ բերելով հիշողության կորուստ, կոորդինացիայի խախտում, անքնություն, ոսկրերի փխրունություն»,- նշում է Քնարիկ Գրիգորյանը Երեխաներն այս առումով ավելի խոցելի են: Կապարի ազդեցությունից, որը կարող է երեխաներին անցնել անգամ խաղալիքների միջոցով, նրանք դառնում են դյուրագրգիռ ու ագրեսիվ: Բնապահպանները պահանջում են Հայաստան ներկրել միայն այնպիսի ներկեր, որտեղ կապարի պարունակությունը նորմայի սահմաններում է, քանի դեռ երկիրը չի կանգնել բնապահպանական ու առողջապահական լուրջ խնդրի առաջ: Հակառակ սրա՝ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է ՝ վտանգ չկա։ Կապարի պարունակության մեր երկրի սահմանած նորմը համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության պահանջին: Այդ նորմում թիվ չի սահմանված, այլ կա հաշվարկային պահանջ, ըստ որի՝ կապարի պարունակությունը չպետք է գերազանցի ներկի չոր մնացորդի քաշի 0,5%-ը։