Սահմանամերձ գյուղերը զինվել են ժամանակակից բուժտեխնիկայով
Ուրախ ենք տեղեկացնել «Այո» բազմաֆինանսավորման հարթակի հերթական ծրագրերից մեկի բարեհաջող ավարտի մասին: Հարթակի կարևորագույն ծրագրերից մեկը՝ Տավուշի մարզի հիվանդանոցներն ու շտապ օգնության մեքենաները սրտի աշխատանքը վերականգնող սարքերով` դեֆիբրիլյատորներով զինելն, այլեւս իրականություն է։ Դեֆիբրիլյատորը միակ սարքն է, որ սրտի կանգի ժամանակ կարող է հետ վերադարձնել սրտի նորմալ հաճախականությունը՝ այսպիսով փրկելով մարդու կյանքը։ Տեղեկանալով ծրագրին՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Շարունակական բժշկական կրթություն ծրագրի բարեկամ Ջորջ Ասատուրյանը նվիրաբերել է 5 նման սարք (որից մեկը նախատեսված է միայն դասընթացներ և թրեինինգներ կազմակերպելու համար)։ Դեֆիբրիլյատորները տրամադրվել են Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նավուր, Այգեձոր և Մովսես գյուղերին։ Իսկ բազմաֆինանսավորման շնորհիվ հավաքված գումարն օգտագործվել է Տավուշի մարզի երեք սահմանամերձ գյուղերին՝ Մովսես, Այգեձոր և Ներքին Կարմիրաղբյուր, առաջին բուժօգնության պայուսակներ և պատգարակներ գնելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաեւ հատուկ դասընթաց, որին մասնակցել են Տավուշի մարզի բժշկական հաստատությունների աշխատակիցներ՝ դեֆիբրիլյատորից ճիշտ օգտվելու կանոններին տիրապետելու համար: Տավուշի մարզի բնակիչներն ինչպես նաև «Այո» հարթակի թիմը երախտապարտ են բոլոր աջակիցներին, որոնց օգնությամբ կարողացանք կյանքի կոչել այս ծրագիրը և օժանդակել բժիշկների` մարդկանց կյանքերը փրկելու գործին։ «Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը: