Որ ուժն է հաղթել Գյումրիում․ դատարանն այսօր չհստակեցրեց. լրացված (տեսանյութ)
23.00 «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչները դատական նիստին պնդեցին՝ ներկա պահին կիրառելի չէ Ընտրական Օրենսգրքի այն դրույթը, որի վրա հիմնվելով 34-րդ տարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու ավագանու 17 մանդատը տվել է Բալասանյան դաշինքին։
Նրանց պնդմամբ՝ ԸՕ-ի այդ դրույթը պետք է ուժի մեջ մտնի 2017 թվականի սեպտեմբերից և որ հանձնաժողովը քվեարկության արդյունքներն ամփոփելիս պետք է հիմնվեր 2011 թվականի մայիսին ընդունված օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող դրույթների վրա։ Հանձնաժողովի անդամները պնդեցին, որ իրենք հիմնվել են այն կարգավորումների վրա, որը սահմանել է Ազգային ժողովը։
Ընտրության արդյունքը չեղյակ հայտարարելու համար հայցվորները այլ հիմնավորում էլ ներկայացրին։ Ըստ նրանց՝ կամայականորեն են բաշխվել մանդատները քաղաքական ուժերի միջև։ Մասնավորապես, նրանց համար անհասկանալի էր, թե ինչու է հենց ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից վերցվել մեկական մանդատ ու տրվել Բալասանյան դաշինքին։ Հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ հիմնվել են հատուկ բանաձևի վրա, որը սահմանված է օրենքով։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նշում են նաև, որ 34-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի նիստը եղել է ոչ իրավաչափ, քանի որ վերջինս ոչ բավարար կերպով է ծանուցել ավագանու անդամներին այն նիստի օրը, երբ վերաքվեարկվել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։
Դատական նիստին ներկա 34-րդ Ընտրական հանձնաժողովի նախագահը հակադարձեց, որ SMS է ուղարկել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նաև՝ զանգել է, միայն Բարգավաճ Հայաստանի ներկայացուցչի հետ չի կարողացել կապվել։ ՀՎԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը չհերքեց, որ իրեն զանգել են, սակայն ժխտեց, որ ծանուցում է ստացել, ինչպես օրենքն է պահանջում։
Ի դեպ, դատական նիստին ներկա չէր Սամվել Բալասանյանը, նրա ղեկավարած դաշինքը նիստին ներկայացուցիչ էր ուղարկել։
Հավելենք, որ այսօր կայացած նիստին դատաքննության փուլն ավարտվեց, Վարչական դատարանը վճիռը կհրապարակի հոկտեմբերի 18-ին, ժամը 13։00-ին։
,,,,,,,,,,,,,
«Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչները ` Գյումրիի ավագանու չորս թեկնածուներ, Վարչական դատարանում վիճարկում են Գյումրիում ՏԻՄ ընտրություններից հետո մանդատների բաշխման վերաբերյալ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումը:
Այս կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային մեխանիզմի կիրառման արդյունքում փոխանցվել է «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն է կազմել ավագանիում:
Հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 206-Ա որոշումը և ճանաչել համապատասխան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվով թեկնածուներին, այն է՝ «Բալասանյան Դաշինք» կուսակցությունների դաշինք - 15 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը - 9 մադատ, «Գաղափարակից Լիբերալների Ալյանս(Գալա)» կուսակցությանը - 4 մանդատ, «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը - 5 մանդատ:
Դատական նիստը շարունակվում է:
