Հայաբնակ Ախքյորփին կտրվել է Հայաստանից (տեսանյութ)
Վրաստանի հայաբնակ Ախքյորփի համայնքը սահմանային անցակետերի ստեղծման օրվանից ամբողջությամբ կտրվել է Հայաստանից: «Մենք Հայաստանի կողմից ոչ մի բանից չենք օգտվում, էստեղ ոչ մի օգնություն չկա: Առաջ ճանապարհ ունեինք, հարմար էր Հայաստանի հետ կապ ունենալ, հիմա ներկա դրությամբ վրացական կողմը տամոժնիայի կողմից ամեն ձեւի հնարավորություն ունի ճանապարհ տալու, բայց հայկական կողմը մեծ պրոբլեմ է: Իմ մեքենան վրացական է, գնում, հասնում եմ, հետ են ուղարկում ինձ»,-ասում է գյուղապետի տեղակալ Սաշա Ավագյանը: Ախքյորփիում ամենաշատը բողոքում են աշխատանքի բացակայությունից։ «Էստեղ, կարելի է ասել, զբաղվում ենք ոչ մի բանով: Եթե հարմար տեղ լինի, մեկը կանչի, կգնանք, դուրս կգանք գյուղից՝ Հայաստան կամ Ռուսաստան»,-նշում է բնակիչներից Սասուն Բարխուդարյանը: Հիվանդանոցի շենքը վաղուց իր նշանակությամբ չի գործում։ Այն վերածվել է սոսկ բուժկետի, որի պատասխանատուն՝ ազգությամբ թուրք բժիշկը, հազվադեպ է աշխատանքի գալիս։ Բուժօգնություն ստանալու նպատակով Ախքյորփիի բնակիչները ստիպված են հսկայական տարածություն կտրել։ «Ամենամոտիկ, հարմար տեղը Մառնեուլն է, որը 60 կմ հեռավորության վրա է: Ինքներդ էլ տեսաք, թե ճանապարհներն ինչ վիճակում են»,-ասաց Սաշա Ավագյանը: Ի դեպ, չնայած գյուղն ամբողջովին հայաբնակ է, սակայն գյուղապետը վրացի է։