Շնողում պտուղ-բանջարեղենի մեջ ծանր մետաղների քանակն ավելացել է (տեսանյութ)
Լոռու մարզի Շնող համայնքում, որի անտառների մի մասը տրվել է «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը, պտուղ-բանջարեղենի ստուգումները մտահոգիչ արդյունքներ են գրանցել։ Համայնքի ղեկավարի տեղակալ Կորյուն Շադինյանը, սակայն, դա չի կապում «Թեղուտի» հանքարդյունաբերության հետ։ ENPI FLEG II ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիատուրի ընթացքում հայ եւ վրացի լրագրողների հետ զրույցում Շադինյանը նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ այդ ստուգումներն իրականացվում են։ Ուշագրավ է, որ նրա խոսքով, ստուգումներն իրականացվում են «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից։ «Ծանր մետաղների թիվը մի քանի անգամ գերազանցում է պտուղների մեջ, բայց դա ավելի շատ կապված է հիմնականում Ալավերդու պղնձաձուլարանի, ոչ թե «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ։ Ծանր մետաղները նաեւ օդի, ջրի հետ անցնում են, մեկ-մեկ ոռոգման համակարգի ցանցերը վթարվում են, դրանցով ոռոգվում է, դրա համար էլ մի հինգ-վեց անգամ գերազանցում է»,-ասաց նա։ Ի դեպ, «Թեղուտ» ՓԲԸ-ն հատված ծառերի դիմաց Շնող համայնքում պարտավորվել է անտառ տնկել։ Աշխատանքներն իրականացվել են 2009-2010 թվականներին։ Շնողի գյուղապետի տեղակալի խոսքով՝ այդ ժամանակ 15 ՀԱ տարածքում ծառեր են տնկել, որը, սակայն, անբարենպաստ պայմանների պատճառով այդպես էլ անտառ չի դարձել։ «Ուղղակի ավազոտ տարածք էր, անտառ տնկելուց հետո, չնայած մշակումներին, ծառերը չաճեցին։ Դրանից հետո էլ երկու տարի երաշտ է եղել, ծառերի մեծ մասը չորացել է»,-նշեց Կորյուն Շադինյանը։