«Եվրաֆուտբոլ»-ի ներկայացուցիչներն՝ ընդդեմ հարկային նոր օրենսդրության (տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի մոտ սովորականից մարդաշատ էր: Խաբված բնակիչներից, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից բացի, իրենց բողոքի ձայն էին փորձում վարչապետին հասցնել Վանաձորի քիմպրոմի նախկին աշխատակիցներն ու «Եվրաֆուտբոլ» ընկերության ներկայացուցիչները: Վանաձորից Երևան եկած քաղաքացիները պահանջում են իրենց չորս ամսվա աշխատավարձերը, որը նրանք չեն ստացել 2011 թվականից ի վեր. «2010 թվականի նոյեմբերին Վանաձորի քիմպրոմի կազմի մեջ մտնող Վանաձորի ՋԷԿ-ն առանձնացավ եւ «Ռեջիոն Էներջի» ընկերության մասը դարձավ, մենք էլ ավտոմատ կերպով դարձանք այդ կազմակերպության աշխատակիցներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախկին աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ «Ռեջիոն Էներջին» գործել է մեկ տարի, 2011 թվականին այն լուծարվել է՝ չվճարելով աշխատակիցների վերջին չորս ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկի գումարը: «2014 թվականին դատարանի վճռով ընկերությունը սնանկ ճանաչվեց եւ, ըստ վճռի, պարտավորվեց իր գույքի եւ ընթացիկ հաշիվների հաշվին մեր աշխատավարձի պարտքը մարել, սակայն ընկերությունը չի կատարում դատարանի պահանջը՝ պատճառաբանելով, թե ոչ գույք ունի, ոչ էլ հաշվի վրա գումար, պարտքերից բացի ոչինչ չկա»,-նշեց քաղաքացին՝ հավելելով, որ խնդրի վերաբերյալ երկու անգամ նամակ են ուղղել նախագահին, երկու անգամ էլ՝ նախկին վարչապետին: Ի դեպ, «Ռեջիոն Էներջիի» պարտքը աշխատակիցներին կազմում է շուրջ 130 միլիոն դրամ: «Եվրաֆուտբոլ» ընկերության ներկայացուցիչներին կառավարության շենքի մոտ էր բերել հարկային օրենսդրության վերջին փոփոխությունները, որով վիճակախաղերի, ինտերնետային խաղերի անցկացման լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափը հնգապատիկ անգամ ավելացվել է: Մեզ հետ զրույցում «Եվրաֆուտբոլի» իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանն ասաց. «Փոփոխությունների արդյունքում ոլորտի ընկերություններն անկման եզրին են կանգնելու, ինչը իր հերթին բերելու է ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթ, ինչպես նաեւ հազարից ավելի աշխատատեղերի փակման: Դաշտը մոնոլպոլիզացվելու է, մնալու է մեկ խաղացող, մեկ ընկերություն, որն ի վիճակի է լինելու վճարել այդ ահռելի չափի պետական տուրքը»,-նշեց նա՝ հավելելով, որ նախկինում լիցենզիայի ընդհանուր գումարը կազմում էր 200 միլիոն դրամ, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ գումարը այժմ կազմում է մեկ միլիարդ դրամ: Մառլեն Սմբատյանը առաջարկություններով դիմում հանձնեց վարչապետի աշխատակազմին: Նրա խոսքով, այդ առաջարկություններն ավելի շատ գումարներ կբերեն պետբյուջե եւ արտասահմանյան ներդրողներ, քան օրենսդրական փոփոխությունը: Ընկերության տնօրենը հույս հայտնեց, որ առաջիկայում իրենց եւ վարչապետի հանդիպումը կկայանա: Ի դեպ, կառավարության շենքի առջեւ բողոքող քաղաքացիներին այդպես էլ որևէ պաշտոնյա չմոտեցավ՝ բացի ՄԻՊ Արման Թաթոյանից։ Նա բոլորին հորդորեց գնալ իր գրասենյակ, որտեղ ինքը մանրամասն կծանոթանա գործերին եւ կփորձի օգնել: