Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Առաջադրված մեղադրանքն անհասկանալի է». ազատամարտիկ (տեսանյութ)

Հասարակություն
azatamartik-nkar

Յոթ օր առաջ կալանավայրից ազատ արձակված ազատամարտիկ Մհեր Մազմանյանն ազատության մեջ հայտարարում է՝ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է։ 65 օր Սասնա ծռերի գործով կալանավորված ազատամարտիկը պնդում է՝ իր նկատմամբ իրավապահները կալանքի որոշում են կայացրել՝ հաշվի առնելով իր քաղաքական և քաղաքացիական գործունեությունը։ Նա իր գործունեությամբ հայտնի է դեռ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորած սոցիալական շարժումներից, երբ նրանք բողոքի գործողություններ կազմակերպելով իշխանություններից պահանջում էին բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները։ Նշենք, որ Մհեր Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար։ Մինչդեռ ինքը պնդում է՝ այդ մասին հավաստող որևէ փաստ չկա։ «Իրենց կողմից առաջադրված մեղադրանքը ինձ համար անհասկանալի է։ Փաստարկ են բերում, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել, մենք միշտ էլ հեռախոսազրույցներով քննարկումներ արել ենք առկա իրավիճակի հետ կապված։ Տվյալ օրը ես հեռախոսազրույց շատ եմ ունեցել ընկերների հետ, բայց ես ունեցել եմ դրսում եղած ընկերների հետ։ Ներսում ես որևէ մեկի հետ հեռախոսազրույց չեմ ունեցել»,- հավելում է ազատամարտիկը։ Ազատամարտիկի պնդմամբ՝ իր մեղքը չեն ապացուցում անգամ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ ունեցած բերված հեռախոսազրույցի մանրամասները։ «Ես կոնկրետ գործողությունների գնալու մասին եմ խոսել, կոնկրետ քայլեր անելու։ Է բոլորն էլ քննարկում են, բոլորն էլ այդ օրերին խոսում էին իրենց կոնկրետ աջակցության մասին այն տղաներին, ովքեր իրենց կյանքը մեր ոտքերի առաջ մատաղ էին դրել»,- հավելում է Մհեր Մազմանյանը։