Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դժվար է ասել՝ մարդու որ իրավունքը չխախտվեց հուլիսյան օրերին» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum-nkar

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների ծավալն աննախադեպ էր։ «Խախտվեց մարդու՝ խաղաղ հավաքներ իրականացնելու ամբողջ ընթացքը և մասնակցելու և կազմակերպելու մասով։ Ոստիկանության կողմից դրսևորվեց կամայական գործողությունների մի ամբողջ շարք, որի հետևանքով քաղաքացիներն անօրինական կարգով բերման ենթարկվեցին»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը շարունակվեց նաև ոստիկանության բաժանմունքներում. «Անձինք հասանելիություն չունեցան ջրի, սննդի, զուգարանի, իրավաբանական օգնություն ստանալու»։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը դժվարանում է նշել, թե մարդու որ իրավունքը չխախտվեց հուլիսյան օրերին։ «Այնքան շատ են այդ խախտումները, որ ավելի հեշտ է նշել, թե որոնք չեն խախտվել»։ «Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ շենքը գրավելու օրերին փաստաբանները ևս արգելքների են հանդիպել իրավապահ մարմինների կողմից. «Անձամբ ես մի քանի անգամ չեմ կարողացել մուտք ունենալ համապատասխան քննչական բաժին։ Նրանցից մեկում հորդառատ անձրևի պայմաններում շուրջ 20 րոպե թույլ չտվեցին մոտենալ շենքին»,- ասում է փաստաբան Պապիկյանը։ Ըստ նրա՝ այս ընթացքում շատ կարևոր մի հանգամանք ի հայտ եկավ. «Իրավապահ մարմինները, առավել ևս ոստիկանությունը ջանքեր գործադրեց ցույց տալու, որ այս տարիների ընթացքում իրականում ոչ մի բարեփոխում տեղի չի ունեցել։ Դա ընդամենը պատրանք էր»։ Տարեցտարի իրավիճակն ավելի է վատթարանում։ Գնահատականը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանինն է. «Եթե 2014 թվականին ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն 52 հոգի էր բերման ենթարկվել խաղաղ հավաքներից, ապա անցած տարի այդ թիվը հասավ 380-ի, այս տարի արդեն անցել է 900-ից»։ Դանիել Իոաննիսյանն ունի հստակ թվեր, թե հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում ոստիկանության զինանոցից ի՞նչ միջոցներ են օգտագործվել. «71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 միլիմետրանոց լուսաձայնային նռնակի կրակոց, և երեք կրակոց արդյունքաբեր գազ։ Ընդ որում՝ սրանից տուժել է մեկ քաղաքացիական անձ և 18 ոստիկան»։ Քաղաքացիներին այդ օրերին տանում էին ոչ միայն ոստիկանության բաժիններ, այլև զորամասեր, որտեղ պայմանները ահասարսուռ են եղել. «Ոստիկանական զորքերի զորամասերից դուրս եկած քաղաքացիները պատմում էին կոնցլագերային պայմանների մասին։ Բոլորին կոնցենտրացնում էին մի դահլիճում, և ոստիկանների համար տհաճ քաղաքացիներին հանում էին դահլիճից ու ակնհայտ վնասվածքներով հետ էին բերում դահլիճ»,- պատմում է Դանիել Իոաննիսյանը։ Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը նկատում է՝ Սարի թաղի դեպքերից հետո ամիսներով ազատազրկված գրեթե բոլոր անձանց կալանքի որոշումները նույն տեքստն ունեին՝ կրկնվում էին, ինչը նման պարագաներում պատահական չէ։ Մյուս կողմից էլ պետությունը չկարողացավ դիմանալ ճնշումներին: