Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մնում է մեկ տարբերակ՝ ապստամբություն, ընդվզում, դասադուլ, գործադուլ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zara-4

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցմամբ քննարկմանը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ ապստամբության հայտարարություն է դրել շրջանառության մեջ, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այն քննարկման առարկա չդարձրեց: Նա հայտարարեց, որ մեր երկրում ոչ մի հարց ըստ էության, չի կարգավորվում. «Այսպես եք կարգավորել հարցերը, որ մեր հայրենակիցները լքում են երկիրը, իսկ գործարարները նախընտրում են Վրաստան տանել ու ավելի լավ պայմաններում բիզնես ծավալել: Այսպիսի պայմաններում գործունեություն ծավալելը թե օրենսդիր մարմնում, թե կառավարությունում արդյունավետ չէ: Ուզում եք վարչապետ նշանակեք՝ լինի ձեր թիմից, թե փողոցից, ոչ մի տարբերություն չկա: Տեսնում ենք, որ փողոցից արդեն կան նախարարներ, քանի որ ասում եք՝ իրենք մենեջերներ են, սակայն կառավարություն ղեկավարելը մենեջերություն չէ: Մենք այլեւս ժամանակ ու հնարավորություն չունենք ինչ-որ բան փորձարկելու ու եւս քսանհինգ տարի անցնի. այս պահին դրված է հայկական պետականության լինել-չլինելու հարցը»: Ըստ նրա՝ ոչ միայն մարդկանց են դուրս հանում պետությունից, այլեւ կապիտալը, արգելում ներդրումներ անել. «Ինչքան ուզում եք նախարարության անունը փոխեք, դրեք Ներդրումների նախարարություն, ոչինչ չի փոխվի. պետք էր ընդամենը ստեղծել հավասար պայմաններ, արդարություն անել, մինչդեռ այս օրենսգիրքը հավասարություն չի ստեղծում, ընդհակառակը՝ խրախուսում է անհավասարությունը: Եթե չկա արդարություն, ապա գումարներն ու մարդիկ գնալու են մեր երկրից, կամ էլ մնում է մեկ տարբերակ՝ ապստամբություն, ընդվզում, դասադուլ, գործադուլ, համատարած հարկերի չմուծում ու նոր ժողովրդավար համակարգի ներդրում: Այստեղ հիշենք Արագածոտնի մարզում երեխաների բողոքը, որ չեն ուզում՝ իրենց դպրոցը վերանորոգել»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց Զարուհի Փոստանջյանին՝ ասելով. «Կառավարության արդյունավետության մասին ուզում եմ ասել, որ այսօր ձեր կուսակցությունում տիրող իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես չպետք է կառավարել»: