Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Բագրատյանն առաջարկում է հարկել եկեղեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
33818

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր սկսվեց «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քննարկումը: Հիմնական զեկուցող ՊԵԿ պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը շուրջ 30 րոպե ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցումով օրենսգրքում կատարված փոփոխությունները: Հիմնական փոփոխությունները վերաբերում էին եկամտահարկի սանդղակին՝ կառավարությունը աշխատավարձերից գանձվող տոկոսների մեջ փոփոխություններ է կատարել: Վախթանգ Միրումյանին կարող էին հարցեր տալ միայն այն պատգամավորները, որոնք ներկայացրել էին գրավոր հարցեր: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ ՊԵԿ-ը շատ խնդիրներում ընդառաջ է գնացել ու կատարել փոփոխություններ. «Սակայն շատ բան չի փոխվել, օրինակ՝ փիլիսոփոյության առումով: Մանրամասն պարզաբանեք՝ դրոշմապիտակների արդյունքում ինչքա՞ն է կրճատվել ստվերը, թիվ ունե՞ք՝ այդ գործիքը, որ օգտագործել եք, ի՞նչ է տվել այն մեզ: Այս արտոնությունից, կարծես թե, ուրիշ հոտ է գալիս: Աշխատավարձերի հետ կապված չե՞ք կարծում, որ դրույքաչափերը պետք է իջեցվեն, համահարթեցվեն, պրոգրեսիվ եկամտահարկից հրաժարվենք: Չե՞ք կարում, որ աշխատավարձի բարձրացման դեպքում մոտիվացիա կլինի ու ստվեր չի լինի, գործատուներն էլ ցածր աշխատավարձ չեն գրի»: Վախթանգ Միրումյանը նշեց, որ այդ հաշվարկները պատգամավորի հետ միասին կատարել են. «Այդ ազդեցությունը էական է, համարժեք փոխհատուցումները պետք է իրականացնեն ստվերի հաշվին»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դժգոհ է Վախթանգ Միրումյանի պատասխաններից. «Իմ հանդեպ կա ձեռառնոցի, ցինիզմ, կներեք այդ բառի համար՝ 191 կետի դիտողություն եմ արել ու ինչ պատասխաններ եք տվել: Լրջագույն հարց եմ բարձրացնում, կոնկրետ առաջարկություն չի ներկայացվել: Օրինակ՝ հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը ԱԱՀ վճարի, դուք ասում եք՝ օրենսդրության համապատասխան: Ու այս շարանը շարունակվում է: Ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պետք է ոչ միայն քաղաքացին, այլեւ պետական գերատեսչությունները վճարեն, ասում եք՝ բյուջեն չի հերիքում: Եթե իմ ասածով լիներ, ապա Գալուստ Գրիգորիչը այդ դեպքում կմտածի, որ ավելորդ շենք չպահի: Հայ Առաքելական եկեղեցին ինչո՞ւ չպետք է հարկ չտա: Չմոռանանք պատմությունը, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք  կորցրել: Իսկ դուք ասում եք՝ օրենքով դա այդպես չէ»: Վախթանգ Միրումյանը, անդրադառնալով եկեղեցու հարկմանը, նշեց՝ եթե պատգամավորը պնդում է, իրենք կարող են վերանայել դա. «Մենք նկատառումներ ունենք՝ նման շինությունների հետ կապված կադաստրային արժեքների գնահատման հետ. դա բեռ է կրոնական կազմակերպությունների համար, դրա համար այս արտոնությունները պահպանել ենք: Անշարժ գույքի հետ կապված առաջիկայում հարկումն իրականացնելու ենք, հիմա պատրաստ չենք: Իսկ անհատ ձեռնարկատերերը շատ են, որ ԱԱՀ դաշտում ու հարկ վճարելը կապ չունի անհատ ձեռնարկատեր լինելու հետ: Հստակեցնենք հարցադրումը եւ կոնկրետ կպատասխանեմ»: