Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Հասարակություն

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, փաստաթղթեր կեղծելու եւ զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Արման Բաբաջանյանը ընդունել է, որ խուսափել է զինվորական ծառայությունից եւ զղջում է դրա համար, սակայն. « Իրավամբ պետք է ասեմ, որ հայրենի բանակում ծառայության երկու տարին շատ ավելի նախընտրելի պարտականություն եմ դիտել եւ դիտում, քան օտարության մեջ անցկացրած ամեն մի նոր օրը: Այնպես որ, 9 տարի առաջ Հայաստանը լքելու ավելի լուրջ, ավելի հիմնավոր պատճառներ ունեի, քան զինվորական ծառայությունից խույս տալը»:

Հիշեցնենք,որ պետական մեղադրող Ժաննա Կոթիկյանը Արման Բաբաջանյանի համար պահանջում էր փաստաթղթեր կեղծելու համար 1, իսկ զորակոչից խուսափելու համար` 4, վերջնական` 4.5 տարի ազատազրկում: Դատավորը, սակայն, որոշեց, որ Արման Բաբաջանյանի փաստաթղթեր հափշտակելու մեղադրանքը հիմնավոր չէ եւ այս մասով նա անմեղ է:

Արման Բաբաջանյանը կարող է 15 օրվա ընթացքում դատավճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում: