Անկախության սերունդը պատրաստ է բացթողումներից ձեռքբերումներ կերտել
12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Մանուկյանը չի ժխտում, որ Հայաստանի 25-ամյա հանրապետությունն ունի բազմաթիվ բացթողումներ և փորձելու է դրանք շտկել իր գիտելիքների ու հայրենասիրության միջոցով։ «Բացթողումները բավականին շատ են, չեմ ցանկանում նշել, որպեսզի ավելի չցածրացնեմ իմ երկրի իրավիճակը, բայց պետք է բացահայտորեն տեսնել երկրի բացթողումները, որպեսզի կարողանանք հետագայում պայքարել դրանց դեմ և դրանք դարձնենք ձեռքբերումներ»,- մեզ հետ զրույցում նշեց Մարիամը։ Հայաստանի հանրապետության արձանագրած ձեռքբերումների ու բացթողումների թեմայով էր ՀՊՄՀ հենակետային վարժարանում կազմակերպված բանավեճ-միջոցառումը, որի ընթացքում աշակերտներն անդրադարձան պետության մի շարք ոլորտների դրական և բացասական վիճակագրություններին։ «Նպատակը այն էր, որ երեխաները մի քիչ ուսումնասիրեն այս 25 տարվա ընթացքում ձեռքբերումները, ինչու ոչ, նաև բացթողումները, որպեսզի հետագայում հասկանան, թե ինչպիսի անելիքներ կան դեռ և անդրադառնան այդ հարցերին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վարժարանի հասարակագիտության ուսուցչուհի Մերի Վենգրժանովիչը։ «Կողմ» և «Դեմ» թիմերը հաջորդաբար ներկայացրին քաղաքական, կրթական և տնտեսական ոլորտներում գրանցած թերություններն ու հաջողությունները։ «Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ մենք հիմա խոսում ենք հայերեն, իսկ ամենամեծ բացթողումը արտագաղթի խնդիրն է, որը պետք է լուծել, և երիտասարդությունը իր ուժի, համախմբման, իր գիտելիքների տարածման միջոցով կարող է այդ խնդիրը վերացնել Հայաստանից»,- նշեց «Կողմ» թիմի անդամ Սարգիս Ղազարյանը։ Բանավեճի ավարտին երկու կողմերն էլ միացան այն գաղափարի շուրջ, որ Հայաստանի 25-ամյա հանրապետության գլխավոր ձեռքբերումն անկախության սերունդն է, որը կարող է նոր հաջողություններ ու ձեռքբերումներ կերտել։