Մարադոնայի խաղին ներկա կլինի Հռոմի պապը
Արգենտինական ֆուտբոլի գերաստղ Դիեգո Մարադոնան այս օրերին հատուկ մարզումներ է անցկացնում, որպեսզի պատրաստ լինի հոկտեմբերի 12-ին նախատեսված ֆուտբոլի բարեգործական հանդիպմանը: «Ամենօրյա պարապմունքներ եմ անցկացնում, որպեսզի կարողանամ լիարժեք մասնակցել խաղին, որին ներկա է լինելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ օգնելու իտալական ժողովրդին, որը շատ բան է ինձ տվել, երբ հանդես էի գալիս «Նապոլիում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է 1986 թվականի աշխարհի չեմպիոնը: Բանն այն է, որ Դիեգո Մարադոնան ներկայումս գիրանալու հետ կապված լուրջ խնդիրներ ունի, ուստի նրան պետք է խաղից առաջ գոնե մի քանի կիլոգրամ քաշ գցել: Բարեգործական այդ հանդիպումը կայանալու է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որին մասնակցելու են իտալացի եւ արտասահմանցի աստղերը, ինչպես նաեւ տեղի «Ռոմա» եւ «Լացիո» թիմերի վետերան ֆուտբոլիստները: Խաղից ստացված ողջ գումարը փոխանցվելու է Իտալիայում վերջերս տեղի ունեցած երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին: