«Չի ստացվի» ասելու փոխարեն, մտածել՝ ինչն ենք սխալ արել. Ռ. Ռուբինյան (տեսանյութ)
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի թեկնածու, եւ ստվերային կառավարության ստեղծում: Սա ՔՊԿ որոշումն է, որը հնչեց Ազատության հրապարակում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Ստվերային կառավարությունն անգլիական մոդել է՝ եթե իշխանությունը փոփոխվի, առաջադրում են իրենց թեկնածուներին, նաեւ՝ մինչեւ ընտրությունները մշակում պլատֆորմ: «Հետո, եթե իշխանություն են դառնում, ապա ամբողջովին դառնում են կառավարություն կամ էլ ՀՅԴ նման՝ սրա-նրան կպնելով յոլա են գնում՝ որոշ տեղեր պոկելով, հետո մոռանալով նաեւ իրենց պլատֆորմի մասին, քանի որ եթե իրենք մեծամասնություն չեն լինելու, եւ պարզ է՝ Նիկոլ Փաշինյան չէ, այսօր ով էլ լինի, մեծամասնություն չի լինելու, իրենք չեն կարողանալու իրենց քաղաքականությունը վարել»,- «Ա1+»ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: ՔՊ կառավարման խորհրդի անդամ Ռուբեն Ռուբինյանն ընդգծում է՝ ի տարբերություն այլընտրանքային կառավարության, որը չի ճանաչում գործող կառավարության լիազորությունները, ստվերայինի իմաստը բոլորովին այլ է. «Նրա ամբողջ իմաստն է՝ ունենալ թիմ, որը որպես ընդդիմություն քննադատում է գործող կառավարությանը, եւ 2-րդ ու ամենակարեւորը՝ պատրաստվել ցանկացած պահի թե հերթական ընտրություններով, թե այլ պրոցեսների հետեւանքով միանգամից ստանձնել իրական կառավարումը»: «Նապոլեոնն ասում էր՝ մարտի մեջ կմտնենք, հետո կտեսնենք, հակառակը չի լինում: Միտումը՝ հետո խաղի մեջ լինելն է. ՀՀ-ում 1990-ականներից անընդհատ նույնն բանն է, ճիշտ է, ես չեմ կարող, բայց ես խաղի մեջ եմ: Այս տարբերակն է, բայց ինքը հավակնոտ գործիչ է»,- նշում է Լեւոն Շիրինյանը: Ռուբեն Ռուբինյանը վստահ է՝ հնարավոր է իշխանափոխություն՝ ընտրություններով կամ թավշյա հեղափոխությամբ, ինչպես ասվեց հանրահավաքի ժամանակ. «Եթե մի բան մի քանի անգամ չի ստացվում, դա ամենեւին չի նշանակում, որ երբեք չի ստացվելու: Ես կնախընտրեի՝ «չի ստացվի» ասելու փոխարեն, մտածել՝ ինչն ենք սխալ արել, եւ այն անենք ճիշտ այս անգամ»: Նա չի ժխտում՝ եթե վարչապետության թեկնածու են առաջադրել, դա ուղիղ հայտ է 2017թ. ԱԺ ընտրություններին: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ որպես վարչապետ, կհաստատի կուսակցության համաժողովը՝ ստվերային կառավարության ձեւավորումից հետո: