Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակամարտության սրման վտանգ կա. Ջեյմս Ուորլիք

Կարևոր լուրեր Քաղաքականություն
warlick

«Ինտերֆաքս» գործակալությունը հարցազրույց է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ. –Արդյո՞ք կան համաձայնության հասնելու հստակ ժամկետներ, թե՞ ԼՂ հարցի կարգավորումը կարող է տարիներ ձգվել: Մենք ակնկալում ենք, որ կարգավորումը տարիներ չի ձգվի, բայց իհարկե, այս հարցում անսպասելի բեկում էլ չի կարելի ակնկալել: Բանակցությունները պահանջում են ժամանակ և բազմաթիվ քննարկումներ: Սակայն մենք ունենք առաջ շարժվելու ուղի, կան հստակ առաջարկներ: Նախագահները ներգրավված են այդ հարցում: Ես չեմ կարող գուշակել՝ արդյոք կարգավորման կհասնենք վաղը, մեկ շաբաթից թե մեկ ամսից, բայց եթե նախագահները քաղաքական կամք դրսևորեն առաջ շարժվելու համար, կարգավորման համար բոլոր բաղադրիչները կան: –Ո՞րն է ԱՄՆ-ի համար Ղարաբաղյան կարգավորման իդեալական սցենարը: -Այն, ինչ ընդունելի է և՛ ռուսական, և՛ ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը ձգձգվում են չափազանց երկար, և շատ ջանքեր են խլում: Ավելի քան 20 տարվա ընթացքում չափազանց շատ մարդ է զոհվել: Մենք ունենք կարգավորման պայմաններ: Մեզ համար իդեալական կարգավորումը ենթադրում է հաղթողների և պարտվողների բացակայություն, այն պետք է շահավետ լինի երկու կողմերի համար էլ: –Ձեզ չի՞ թվում, որ ինչ-որ շահերից ելնելով այս հակամարտությունը մեկ սառեցվում է, մեկ դարձյալ թեժանում: -Շատերը սա անվանում են սառեցված հակամարտություն, բայց, ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին շրջանում, այն բացարձակ այդպիսին չէ: Սա շատ ակտիվ հակամարտություն է: Ապրիլի սկզբին մենք տեսանք՝ որքան վտանգավոր այն կարող է լինել: Մի քանի տարի առաջ, երբ ես անցա պաշտոնիս, առավել մեծ վտանգ էին ներկայացնում դիպուկահարները: Եվ շատ ցավալի է, որ այդքան շատ մարդ սպանվեց դիպուկահարների կրակոցներից: Այսօր իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քանի որ մենք տեսնում ենք հրթիռների և այլ ծանր տեխնիկայի կիրառում: Ապրիլին մենք տեսանք՝ որքան վտանգավոր դա կարող է լինել: Կարծում եմ, այդ ծանր տեխնիկայի կիրառման պայմաններում հակամարտության սրման վտանգ կա: Կա ոչ միայն սրացման վտանգ, այլև սխալ հաշվարկի, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Ուստի, ես միանշանակ այս հակամարտությունը չէի անվանի սառեցված, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը պահանջում է ուշադրություն մեր կողմից: Կարծում եմ, նրանք, ովքեր այս հակամարտությունը կառավարվող են համարում, սխալվում են: Ուստի կարգավորման միջոցների որոնումները, կարծում եմ, հենց այն բնագավառն է, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում